▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լուսաբացի բարևից մինչ բարի գիշեր այնքան կեղծավորություն կա.Ես իջեցնում եմ վարագույրներս

Ես իջեցնում եմ` վարագույրներս...

Գալիս է մի պահ, երբ փակում ես դուռդ...իջեցնում պատուհանների վարագույրներն ու...

Աշխարհն էնքան է փոքրանում, որ պարփակվում է քո նեղլիկ սենյակում, դառնում` մթին ու անհրապույր:

Անվերջ նախատում ես ինքդ քեզ.

-Ախր, ես էն մարդը չեմ, որ ընկրկեմ, փշրվեմ, խեղճանամ: Աստված ինձ օժտել է շնորհով: Սովորել եմ, նվիրել,արարել: Մեկն եմ, ով էս աշխարհին ողջ մի կյանք նայել է լուսեղեն աչքերով:

Նախատում ես, բայց իջեցնում վարագույրներդ...

Տհաճ է:

Լուսաբացի բարևից, մինչ բարի գիշեր` էնքան կեղծավորություն կա, էնքան չարություն ու գորշություն, անճաշակություն ու տգիտություն, որ յուրաքանչյուր օրվա խորհուրդ կորցնում է իր նշանակությունը:

Ում հետ` ինչից խոսես:

Քո տան բակից սկսած, փոփոխված արժեքների ես հանդիպում:Մարդկանց բարևն էլ արդեն` բարևի նման չէ: Նախկինում բարի ավանդույթներով լի` ընկերություն կոչվածն էլ, 21-րդ դարի նորամուծություն` «ախպերության» վերածվելով, դարձել է լոկ` «վեր բարձրանալու»  շահամոլություն:

Եվ ինչն է սարսափելի, որ սա տեսնում են բոլորը: Տեսնում են ու հանդուրժում:

Ամաչում ես սիրուց խոսել, հավատարմությունից, հարգանքից ու գնահատելուց: Հայրենիքից ու հայրենասիրությունից խոսում ես լեզուդ կծելով, որ անհաջող մի ծնունդ չծաղրի հանկարծ, իբրև` էս ո՞ր դարն է, ախպեր:

Ի՞նչ արժեքներից ոգևորվել, ո՞ր հեղինակությունների հետ կապել ապագա: Ու՞մ պիտանի լինել, երբ արժեքային համակարգը` «դխկլը-դըմբլն» է: Ստացվում է, որ ապրածդ տարիներն, ընդամենը, պարտավորություններ են եղել` լույս աշխարհ գալուդ նկատմամբ...

«Իմաստուններն» հիմա կշտապեն խորհուրդներ տալ... Իբրև` լռելն ու մեկուսանալը հարիր չէ, պայքարել, պայքարել, պայքարել: Կասեն ու կրկին իրենց գործին կգնան` հանդուրժելու... Սոց. ցանցերում պահմտոցի կխաղան շիտակ խոսքն համադրելով իրենց շահերի համապատասխանելիությանն,արդյոք,չի վնասում իրենց քաղաքական շահերին,և անգամ թաքուն համաձայնելով ճշմարտությանը` նվաստացնելու,քարկոծելու,հոշոտելու բոլոր հնարքներն կօգտագործեն,առանց հաշվի նստելու` ում հանդեպ:

Էլ չասեմ` առանց հաշվի նստելու, ովքեր են` իրենք...

Ինչ ախմախություն ասես կտարածեն:Ինչ ախմախություն ասես կդարձնեն «պահանջված»: Տեղադրիր սոց. ցանց կոչվածում որևէ համընդհանուր մտահոգության գրառում, արժեքավոր խոսք ու կարծիք, մեջբերումներ արա իրական հանճարներից ու իմաստուններից, եթե մեկ-երկու տասնյակ հետաքրքրվողներ գտնվեն, մի կերպ կմխիթարվես, որ դեռ ունես համախոհներ, դեռ կան շիտակ ու բարձրարժեք մարդիկ:

Հրեշավորն այն է,երբ այս իրականության մեջ, չես տեսնում` ապագա:

Մեր մշակութային իսկական «մեծերի» մեզ մնացած գենոֆոնդն սպառվում է...

Ովքեր դեռ դեգերում են` արհամարված են` ինչպես և նախորդները:

Նորն,ավա~ղ,մշուշոտ է...

Ու ակամա,ինքդ քեզ ստիպում ես հեռանալ...

Մտորեք,մարդիկ:

Ես իջեցնում եմ` վարագույրներս:



Ազատ Աբրահամյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее