«Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդիների պատճառով լարվել են պետական կառույցների հարաբերությունները: Ինչպես հայտնի է՝ թավշյա հեղափոխությունից հետո իշխանությունները սկսեցին ստուգել նախկին պաշտոնյաների ու նրանց զավակների զինծառայությունից ազատվելու հիմքերը: Իրավապահների ուշադրության կենտրոնում հայտնվողների առաջին ցանկում էին Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի երկու որդիները՝ Տիգրան ու Տրդատ Խաչատրյանները: Տիգրանի նկատմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, բայց և հիմա չեն կարող բանակ զորակոչել, քանի որ ամուսնացած է, ունի Երկու երեխա: Օրենսդրության համաձայն՝ երկու երեխա ունենալու դեպքում քաղաքացին ազատվում է զինծառայությունից:
Իսկ ահա Տրդատի դեպքում ամեն ինչ այլ է. 22-ամյա Տրդատ Խաչատրյանին ՔԿ-ում մեղադրանք է առաջադրվել փաստաթուղթ կեղծելու կամ խաբեության այլ ճանապարհով ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից խուսափելու համար:
Միաժամանակ նաև Տրդատ Խաչատրյանի առողջական իրական վիճակը պարզելու համար որոշում է կայացվել ստացիոնար դատահոգեբուժական փորձաքննություն նշանակելու մասին: Ու այս օրերին այդ փորձաքննության պատճառով լարվել են ՀՀ զինվորական քննչական ծառայության և ՊՆ-ի հարաբերությունները:
«ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ ՀՀ զինվորական քննչական ծառայությունից դատահոգեբուժական հանձնաժողովին ստիպում են շուտ տալ եզրակացությունը, սակայն դատահոգեբուժական հանձնաժողովի անդամները քննիչներին բացատրում են, որ չեն կարող այդքան շուտ գնահատական տալ: Միայն թե բժիշկների այս պնդումները քննիչներն այդքան էլ հիմնավոր չեն համարում: Ու հիմա այս ամենի պատճառով երկու կառույցների մեջ տարաձայնություն է հասունացել»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: