▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լիսկայի «հարազատ» ընկերը խոսել է Սյունիքի կրակոցների եւ վախի մթնոլորտի մասին

Հունիսմեկյան կրակոցների օրը Բուդաղյաններին և Սուրիկ Խաչատրյանին Սյունիքում մեկտեղել և միջոցառման էր հրավիրել Սյունիքի ներկայիս մարզպետ Վահե Հակոբյանի հայրը՝ Մաքսիմ Հակոբյանը, ով Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրենն է և Սուրիկ Խաչատրյանի 30 տարվա «հարազատ» ընկերը:

Այս մասին ԳԱԼԱ-ին ասել է Սյունիքի ներկայիս մարզպետի հայրը՝ Մաքսիմ Հակոբյանը, ով ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանին, մարզպետ Սուրեն Խաչատրյանին, Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու, սպանված Ավո Բուդաղյանին և մյուսներին հրավիրել է Սդղի լիճ՝ հացկերույթի, որից ժամեր անց էլ մարզպետի տան մոտ տեղի է ունեցել արյունոտ միջադեպը։

Մաքսիմ Հակոբյանն ասել է, որ նա հրավիրել էր հյուրերին գործարան, հետո Մեղրի են գնացել, Սյունիքի վայրի բնությունն են վայելել, ճանապարհին էլ մի կտոր հաց են կերել, որից 10 ժամ անց կրակոցներ են հնչել Սյունիքում:

«Միջոցառումը տասը ժամ առաջ է եղել, ցերեկը միջոցառում է եղել, միջոցառում էլ չի եղել, սովորական փոքրիկ հավաքույթ է եղել, դրանից 10 ժամ հետո նման բաներ է կատարվել, դրա հետ ես ի՞նչ կապ ունեմ: Մեր հանդիպումը 9-10 ժամ առաջ է եղել: Ոչ մի բան էլ չի եղել այդ ժամանակ, սովորական գնացել ենք զավոդ, հետո ճամփին նստել, մի կտոր հաց ենք կերել, անցել-գնացել են: Գործարանում ենք եղել, Մեղրիի մեջ ենք եղել, այսինքն եկել են տարածաշրջանում մեզ մոտ: Բացարձակապես բան չի եղել, աշխատանքային թեմաներով զրուցել ենք, բացի քաղցր խոսքերից ուրիշ ոչ մի բան էլ չի եղել: Իսկ եթե ուրիշ բան կասեն, նշանակում է սխալ բաներ են ասում: Կերուխում էլ չի եղել, ի՞նչ կերուխում, մի կտոր հաց ենք կերել, թողել գնացել»,- ասաց միջոցառման կազմակերպիչ Մաքսիմ Հակոբյանը:

Հիշեցնենք, որ այսօր Սյունիքում տեղի է ունեցել մարզպետի նշանակման արարողությունը, որին ներկա է գտնվել նաև Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, ով նոր մարզպետ՝ ընկերոջ որդի Վահե Հակոբյանին ուղղված խոսքում ասել է, որ շատ ուրախ է և ավելացրել. «Կարծում եմ բոլորս միասին ուրախ ենք, որովհետև նույն թիմում ենք, երկրի քաղաքական նույն թիմն է, ոչ մի փոփոխություն չկա»:

ԳԱԼԱ-ի այն դիտարկմանը, թե արդյո՞ք Սուրիկ Խաչատրյանը ճիշտ է ասել՝ Վահե Հակոբյանը իսկապես նրա թիմից է և փոփոխություն չկա, Մաքսիմ Հակոբյանն ասել է միայն, որ ինքն ու Սուրիկ Խաչատրյանը 30 տարվա «հարազատ» ընկերներ են:

«800 անգամ ասել եմ՝ Սուրիկ Խաչատրյանի հետ ավելի քան 25-30 տարի մենք ընկեր ենք, մենք ոչ միայն մոտ ընկերներ ենք, այլև ընտանիքով մոտ հարաբերությունների մեջ ենք եղել»:

Մաքսիմ Հակոբյանին բարկացրել է  այն հարցը, թե՝ Ձեր որդուն կհաջողվի՞ վերացնել վախի մթնոլորտը Սյունիքից, նա պատասխանեց, որ ոչ մի վախի մթնոլորտ էլ Սյունիքում չկա. «100 անգամ ասել ենք՝ նման բան՝ վախի մթնոլորտ չկա, սյունեցիք ոչ մեկից էլ կյանքում չեն վախում...»:

 

Աղբյուր` galatv.am

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее