▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լիբանանում հայ երիտասարդները տապալել են թուրք պատմաբանի դասախոսությունը

 

 

Լիբանանի Քասլիքի Սուրբ Հոգի համալսարանում մի խումբ հայ երիտասարդներ ապրիլի 4-ին տապալել են Հայոց ցեղասպանության հարցում ժխտողական դիրքորոշմամբ հայտնի թուրք պատմաբան Իլբեր Օրթայլըի դասախոսություն-քննարկումը: Բեյրութում լույս տեսնող «Ազդակ» թերթի փոխանցմամբ, ՀՅԴ Զավարյան ուսանողական միության (ԶՈՄ) անդամները ապրիլի 4-ին, խաղաղ նստացույց են կազմակերպել Քասլիքի Սուրբ Հոգի համալսարանում՝ իբրեւ բողոք այդ համալսարանի եւ Բեյրութում թուրքական «Յունուս Էմրէ» հիմնարկի՝ արդի Թուրքիայի մասին կազմակերպած դասախոսության դեմ: Իբրեւ դասախոս հրավիրված է եղել թուրք պատմագետ Իլբեր Օրթայլըն, որը հայտնի է Հայոց ցեղասպանության հարցում իր ժխտողական եւ հակահայ կեցվածքով:

Ուսանողները դասախոսությանը մասնակցելով, հարցումներ են ուղղել Թուրքիայի արյունալի պատմության մասին` դատապարտելով Թուրքիայի ժխտողական կեցվածքը Հայոց ցեղասպանության հարցում: Նրանք շապիկներ են կրել, որոնց վրա նկարազարդված են եղել Հայոց ցեղասպանության ճանաչումն ու հայկական բռնագրավված հողերը պահանջող լոզունգներ: Շապիկների վրա տարբեր գրություններ են եղել. «Ապրիլի 24», «Արևելյան Թուրքիան Արևմտյան Հայաստանն է», «Հրանտ Դինք», «Սևակ Բալըքչը»:

Նրանք նաեւ ներկաներին թուրքական ոճիրները վավերագրող թռուցիկներ են բաժանել: Բացի այդ, հայ երիտասարդները ոտքի են կանգնել և սկսել են վանկարկել. «Ցեղասպանությունը ժխտող», «Թուրքիան մեղավոր է ցեղասպանության համար», «Ամոթ Թուրքիային», «Մենք այստեղ ենք»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее