Այսօր, ապրիլի 18-ին, ՀՀ ԿԳ նախարարության և Հայաստանի պատանեկան նվաճումներ (ՀՊՆ) կազմակերպության միջև կնքվեց համաձայնագիր ձեռնարկատիրական կրթությունը ՀՀ հանրակրթության բնագավառում ինտեգրելու վերաբերյալ: Հաշվի առնելով 2011 թվականից սկսած ՀՊՆ-ի ձեռնարկատիրական կրթության հաջողված ծրագիրը` Կրթության և գիտության նախարարությունը դիմեց կազմակերպությանը և վերջինս համաձայնվեց ստանձնել ձեռնարկատիրական կրթության ինտեգրման գործընթացում ուսումնական նյութերը և ձեռնարկները մշակելու, ինչպես նաև ուսուցիչների վերապատրաստման դասընթացները կազմակերպելու և անցկացնելու պարտականությունները:
1992 թվականից սկսած ՀՊՆ կազմակերպությունը համագործակցում է ՀՀ ԿԳ նախարարության հետ, որի արդյունքում հանրակրթության բնագավառ են ներմուծվել մի շարք նոր առարկաներ` Տնտեսագիտությունը, Մարդու իրավունքները, Քաղաքացիական կրթությունը, Պետություն և իրավունքը, իսկ 2011 թվականից` արդեն Ձեռնարկատիրական կրթությունը: Կազմակերպության ջանքների շնորհիվ այդ տարիների ընթացում վերապատրաստվել են վերոհիշյալ առարկաների ավելի քան 6000 ուսուցիչներ, մշակվել և տպագրվել են դասագրքեր, ուսումնական ձեռնարկներ, մեթոդական ուղեցույցներ:
Ձեռնարկատիրական կրթության կարևորության մասին ներկայումս խոսվում է աշխարհի բազմաթիվ երկրներում, բազմաթիվ միջազգային կառույցների կողմից: Իսկ 2016 թվականի դեկտեմբեր ամսին հանրակրթական դպրոցի սովորողների ձեռնարկատիրական կրթվածության բարձրացման կարևորությունը ՀՀ կառավարության կողմից որակվել է որպես կրթության առաջնահերթություններից, և նշվել է, որ ձեռներեցությունը անձի հենց այն գլխավոր ունակություններից է, որն անհրաժեշտ է նրա ինքնադրսևորման, սոցիալական ներգրավվածության, ակտիվ քաղաքացիության և աշխատունակության մեծացման համար: Ձեռներեցական կրթության հիմնական նպատակն է սովորողներին ոչ միայն հաղորդել գործարարության վերաբերյալ անհրաժեշտ գիտելքիներ և հմտություններ, այլ նաև նրանց մոտ ձևավորել որոշակի համոզմունքներ, վստահություն, արժեքներ և վերաբերմունք: Այն աշակերտներին սովորեցնում խրախուսում է նրանց լինել նորարար, մտածել ստեղծագործաբար և գիտակցել սեփական անձի ներուժը:
Հայաստանի պատանեկան նվաճումներ կազմակերպության կողմից ներկայումս իրականացվող ձեռնարկատիրական կրթության ծրագիրը ֆինանսավորվում է HSBC բանկի և JHM բարեգործական և հիմնադրամի կողմից: Ծրագրի նպատակը աշակերտներին կայուն և հարուստ տնտեսագիտական գիտելիքներ տալն է: Այն նպաստում է նաև աշակերտների ձեռնարկատիրական և գործարար հմտությունների զարգացմանը: Ծրագիրը հատուկ ուշադրութուն է դարձնում գործարարության գործնական ուսուցմանը: Ծրագրի շրջանակներում աշակերտները հիմնում են գործարար ընկերություններ, կատարում շուկայական հետազոտություն, գրում բիզնես պլան, թողարկում և վաճառում ընկերության բաժնետոմսերը և կազմակերպում ապրանքի կամ ծառայության արտադրությունը: Այդ ընթացքում նրանք ծանոթանում են նաև կորպորատիվ սոցիալական պատասխանատվության սկզբունքներին և դրանք կիրառում իրենց «մինի-գործարար» ձեռնարկներում: Ծրագրի շնորհիվ աշակերտները ձեռք են բերում թիմային աշխատանք կատարելու հմտություններ և դառնում առավել ինքնավստահ:
Տոնավաճառից գոյացած դրամական միջոցների մի մասը աշակերտները ձեռնարկատիրական և կորպորատիվ սոցիալական պատասխանատվության կրթական ծրագրի շրջանակներում ուղղելու են հանրային տարբեր ձեռնարկների իրականացմանը:
Մանրամասն տեղեկությունների համար կարող եք այցելել Հայաստանի պատանեկան նվաճումներ կազմակերպության վեբ կայք` www.jaarmenia.org: