Եգիպտացի հայտնի դերասան Օմար Շարիֆը տառապում է Ալցհեյմերի հիվանդությամբ, որը նրա մոտ ի հայտ է եկել 3 տարի առաջ։
«Վեստի»–ի փոխանցմամբ՝ իսպանական El Mundo պարբերականի հետ զրույցում լեգենդար դերասանի որդին՝ Թարեք ալ-Շարիֆը պատմել է, որ սարսափելի հիվանդության պատճառով հայրը կորցրել է հիշողությունը:
«Նա չի հիշում, թե ինքն ով է, ինչ մեծ ճանաչում է ժամանակին վայելել, ինչու են մարդիկ փողոցում մոտենում իրեն ու ջերմ ողջունում: Երբեմն, սակայն, նա վերհիշում է իր աստղային դերերը, բայց չի կարողանում հիշել` երբ և որտեղ է նկարահանվել, և մոռանում է ընկերների անունները»,-մանրամասնել է Թարեքը և հավելել, որ Օմար Շարիֆը չի հիշում նաև այն փաստը, որ իր կինն արդեն մի քանի ամիս է՝ ողջ չէ, ու անընդհատ հարցնում է նրա ինքնազգացողության մասին:
Թարեք ալ Շարիֆը նաև հույս չի հայտնել, որ հայրը երբևէ կբուժվի:
«Վիճակը գնալով ավելի է վատանում, բայց 82-ամյա հայրս չի ցանկանում ընդունել հիվանդության փաստն ու կանխարգելիչ միջոցներ ձեռնարկել, նա հրաժարվում է բուժումից»,-ասել է Շարիֆի որդին::
Նշենք, որ Օմար Շարիֆը «Ոսկե գլոբուսի» երկակի դափնեկիր է, այդ թվում՝ բժիշկ Ժիվագոյի (Բորիս Պաստեռնակի համանուն վեպի էկրանավորումը) դերի համար (1966), 1963–ին «Օսկարի» է ներկայացվել «Երկրորդ կարգի լավագույն դերասան» անվանակարգում («Լոուրենս Արաբացի»)։ Ընդհանուր առմամբ, Շարիֆը նկարահանվել է մոտ 60 ֆիլմում։