«Իհարկե, շարքային երիտասարդի անդաստիարակություն է»,- ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Նիկոյանն այսպես մեկնաբանեց ԲՀԿ խոսնակ եւ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի այսօր տարածված հայտարարությունը։
HayNews.am-ն էր գրել այս մասին ու ավելացրել, որ Նիկոյանը շեշտել է, որ պետք չէ ուղղակի մեղադրել այդ երիտասարդին, քանի որ եթե ուշադիր հետեւենք ԲՀԿ-ի վերջին շրջանում արված քննադատությունների շարքին, ապա կտեսնենք, որ այս քաղաքական ուժը հիմնականում վատաբանում է կառավարության վարած գործունեությունը եւ քննադատությունների սլաքն ուղղում հենց վարչապետի անձին։
Սամվել Նիկոյանը բացատրեց, թե ինչն է պատճառը, որ ԲՀԿ-ն կրկին ակտիվացրել է իր քննադատությունները. «Երբ նախագահը հայտարարեց, որ ներկայիս կառավարությունը ապահովել է 7 տոկոսանոց տնտեսական աճ, ուստի այսօր դեռևս ինքը պատճառ չի տեսնում կարդինալ փոփոխություններ անելու, սա ուղղակի ապտակ էր այն մարդկանց, ովքեր ճնշումների կամ այլ մեթոդով փորձում էին ինչ-որ բանի հասնել»։
Սամվել Նիկոյանի այս հայտարարությանն արձագանքել է ԲՀԿ-ական պատգամավորի օգնական Արսեն Մկրտչյանը. արձագանքը ներկայացնում ենք ստորև` առանց մեկնաբանության.
Սամվել Նիկոյանին՝ հակաժողովրդական անպարկեշտության համար.
Դաստիարակությունից ես խոսում, ա՛յ խայտառակ, մի հատ փողոց դուրս արի, տես՝ քո մասին ինչ են մտածում: Հատ-հատ հիշեցնե՞նք անցյալդ, թե՞ դուրս կգաս, ժողովրդից կլսես:
Կրկին անգամ ծերացած պատգամավորներին և մյուսներին հիշեցնում ենք, որ ժողովրդից թալանած ունեցվածքը յուրացնելու և պետական փողերը մսխելու մասին հարցադրումները, պետական շահի պահպանումը բարձր դաստիարակության դրսևորումներ են, իսկ թե դու ինչ ես հիմա փորձում անել անձնական վիրավորանքներով՝ ժողովրդին պարզ է․ դուրս արի փողոց, քեզ կասեն:
Հիշեցնենք, որ ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանը հայտարարություն էր տարածել. «Հաշվի առնելով, որ ԲՀԿ պատգամավորների կողմից թվերի լեզվով և իրավական ձևակերպումներով հնչեցվող քննադատական, բայց կոռռեկտ հարցադրումներին ոչ կառավարությունը և ոչ էլ վարչապետն անձամբ չեն պատասխանում, այլ՝ փոխարենը վարչապետի օգնականներն ու խոսնակները՝ երևի չհասկանալով, որ իրենց ղեկավարից կոնկրետ պատասխաններ են ակնկալվում, նորից փորձում են վիրավորանքներով ու իբր հումորով շեղել հանրությանը բուն էությունից:
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին առաջարկում եմ անհապաղ մտնել ոստիկանության մոտակա բաժանմունք և ժողովրդի հանդեպ կատարածի վերաբերյալ ինքնախոստովանական ցուցմունք գրել»: