ԱՄՆ-ում մի քանի օր առաջ ազատ է արձակվել «հայկական մաֆիա» որակումը ստացած հանցավոր խմբի պարագլուխ Արմեն Ղազարյանը՝ Պզոն, ով ոչ վաղ անցյալում «օրենքով գողի» համբավ ուներ։ Հիշեցնենք, որ Նյու Յորքի դաշնային դատարանը Պզոյին դատապարտել էր 37 ամսվա ազատազրկման, իսկ գործով նրա «ենթականերին»՝ ավելի մեծ պատժաչափերի էին արժանացրել։ Այս մասին գրում է «Չորրորդ ինքնիշխանություն» թերթը եւ հավելում. «Պզոն, ըստ դատավճռի, պետք է նաեւ 60,000 դոլար տուգանք վճարի, իսկ ազատ արձակվելուց հետո 3 տարի մնա իրավապահների հսկողության տակ։
Այս պատմության սկզբում կարծիք կար, որ Պզոյին եւ նրա հանցախմբի անդամներին մի քանի տասնյակ տարով կդատեն։ Սակայն Պզոն զարմանալիորեն դատապարտվեց ընդամենը 37 ամսվա ազատազրկման։ Շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ Պզոն այդքան քիչ է «ստացել», քանի որ համագործակցել է ամերիկյան իրավապահ համակարգի հետ։ Բացառված չէ, որ նրա հետ համագործակցության արդյունքում հարյուրավոր մարդիկ հայտնվեցին ամերիկյան բանտերում։
Ի դեպ, բացառված չէ, որ ամերիկյան կառավարությունը Պզոյին պարտադրի ընդմիշտ լքել Ամերիկան։ Իսկ մինչ այդ կրիմինալ շրջանակներում Պզոյին դադարել են որպես «օրենքով գող» վերաբերվել։ Մարդը, ով հանուն իր ազատության եւ կուտակած միլիարդները չկորցնելու համագործակցել է իրավապահ համակարգի հետ՝ «փուռը տալով» հարյուրավորների, հանցագործ աշխարհում «օրենքով գողից» միանգամից վերածվում է մեկ ուրիշ բանի»,- գրում է «Չորրորդ ինքնիշխանությունը»:
Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ`«Չորրորդ ինքնիշխանություն» թերթի այսօրվա համարում: