«168 ժամ» թերթը զրուցել է Վրաստանի պետական համալսարանի պրոֆեսոր, Էքստրեմալ լրագրության մոսկովյան կենտրոնի հիմնադիր ղեկավար, վերլուծաբան Օլեգ-Սանդրո Պանֆիլովի հետ:
Իրավիճակն այնպիսին է, որ Հայաստանը հայտնվել է Ռուսաստանի ռազմավարական գործընկերոջ կարգավիճակում, եւ Ռուսաստանի հակամարտություններն Արեւմուտքի հետ բոլոր գոտիներում անդրադառնում են նաեւ Հայաստանի վրա: Ինչպե՞ս կարելի է խուսափել, ըստ Ձեզ՝ այս իրավիճակից:
Ես կասեի, որ պետք չէ ասել՝ ռազմավարական գործընկեր, քանի որ Հայաստանը չի կարող Ռուսաստանի ռազմավարական գործընկերը լինել ՌԴ ներկայիս քաղաքականության դեպքում: Հայաստանը վերջին տասնամյակում դարձել է ռուսական պրոպագանդայի զոհը, եւ, ցավոք սրտի, ինքն իրեն միացրել է Ռուսաստանի տնտեսական գոտուն: Սակայն Հայաստանում տեսնում եմ, որ ավելի ու ավելի են շատանում քաղաքական ուժերը, որոնք Հայաստանի խնդիրը համարում են Ռուսաստանի հետ հարաբերությունները, ուստի խոսում են ինքնուրույն քաղաքականության անհրաժեշտության մասին: Ինձ թվում է, որ Հայաստանը ներկայումս պետք է սկսի մտածել առաջին հերթին՝ տարածաշրջանային քաղաքականության եւ Կովկասյան քաղաքականությունում սեփական դերակատարման մասին: Պատերազմները, վերջիվերջո, ավարտվում են, առավել եւս՝ այն պատերազմները, որոնք բռնկվել են արտաքին հրահրմամբ: Ուստի վաղ թե ուշ Հայաստանն ընդհանուր լեզու կգտնի եւ՛ Ադրբեջանի, եւ՛ Թուրքիայի հետ, եւ կդառնա արժանի երկիր ժամանակակից աշխարհում, բայց դրա համար Ռուսաստանի հետ նման հարաբերությունները պետք է դադարեցնել:
Ուկրաինան փորձեց դա անել, այդ հարցում Արեւմուտքը, ըստ ուկրաինացի փորձագետների, այնքան էլ արագ չարձագանքեց եւ աջակցություն ցուցաբերեց: Ըստ Ձեզ` Հայաստանն ինչպե՞ս կարող է Ձեր նշած ծրագիրն իրականացնել:
Իմ համոզմամբ՝ դրա համար Հայաստանին անհրաժեշտ է պարզապես քայլ առաջ անել: Ցավոք սրտի, հայաստանյան պրոպագանդան եւս մեղավոր է, որ հակամարտությունը չի կարգավորվում: Անհրաժեշտ է փնտրել զիջումներ, քայլեր իրականացնել, ինչ-ինչ բաներից հրաժարվել, ինչ-ինչ հին սկզբունքներից: Հայաստանը երբեք ինքնուրույն արբանյակ չի դառնա, Հայաստանը մշտապես ապրելու է Վրաստանի եւ Ադրբեջանի, Իրանի եւ Թուրքիայի միջեւ, ուստի հնարավոր չէ անկլավի կարգավիճակում ապրել այստեղ՝ մեկուսացած աշխարհից, եւ ընկերություն անել Ռուսաստանի հետ, որն ունի միայն աշխարհաքաղաքական շահեր, եւ հատկապես ժամանակակից Ռուսաստանի հետ, որտեղ զարգանում է ֆաշիզմը, չեմ կարծում, որ դա լավ հեռանկար է Հայաստանի համար:
Հրաժարվել Ղարաբաղից, դա՞ նկատի ունեք:
Ես չեմ կարծում, որ դրա համար կտրուկ պայմաններ են անհրաժեշտ, ինչպես նշեցիք Ղարաբաղից հրաժարվելը: Ղարաբաղյան հակամարտությունում պարզապես կոմպրոմիսային տարբերակ պետք է գտնել ու հնարավոր է գտնել: Գլխավորը քայլ առաջ կատարելն է: Կարծում եմ` Հայաստանում շատ լավ են հասկանում, որ քայլ առաջ կատարել թույլ չի տալիս Կրեմլը: Երբ Ռուսաստանը դադարի մասնակցել բանակցություններին, կամ կողմերը հրաժարվեն ռուսական միջնորդությունից, հեռանկարներ այս հակամարտությունն ունի, եւ անհրաժեշտ է ամեն դեպքում հիշել, որ կա ընդհանուր մշակույթ, պատմություն, երաժշտություն, խոհանոց, որը միավորում է կովկասյան ժողովուրդներին:
Ուկրաինական ճգնաժամի ընթացքում հայաստանյան փորձագետները բազմիցս են քննարկել` Ուկրաինան կարող է ուղենիշային դառնալ Հայաստանի համար: Շատերի եզրակացությունն այն էր, որ Հայաստանը չի կարող անցնել նույն ճանապարհը, ինչ Ուկրաինան, քանի որ Հայաստանն ավելի խոցելի է:
Ես կասեի, թե ինչ կարելի է անել: Գլխավոր քայլը ռուսական հեռուստաընկերությունների մատչելիությունը սահմանափակելն է: Իսկ դրանից կես տարի անց հասարակությունը կառողջանար, ինչպես մեզ մոտ՝ Վրաստանում, 2008թ.-ից, երբ անջատեցինք այդ հեռուստաալիքները, եւ հինգ տարվա ընթացքում հասարակությունն առողջացավ, սկսեց ինքնուրույն մտածել: Եթե ՀՀ իշխանությունները դիմեն այդ քայլին, անմիջապես կզգան, որ մարդիկ սկսում են մտածել սեփական ուղեղով եւ ոչ նրանով, ինչ թելադրում են ռուսական հեռուստաալիքները: Սա շատ կարեւոր է Հայաստանում ճիշտ հանրային կարծիքի ձեւավորման համար, որը պետք է հետագայում երկրի արտաքին ուղին կերտի»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում