▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կուսանոցներ Հայաստանո՞ւմ

Քրիստոնեության պատմությունից գիտենք, որ Եկեղեցու հիմնադրումից շատ չանցած` արդեն 4-րդ դարում, սկիզբ առավ վանական և անապատական շարժումը, որը դարձավ հոգևոր կյանքի անկյունաքարը: Այսօր էլ աշխարհի բոլոր քրիստոնեական եկեղեցիներում իր հաստատուն և անփոխարինելի տեղն ունեն վանքերն ու վանականները: Այս առումով միակ բացառությունը կարելի է համարել Հայ եկեղեցին, որը խորհրդային անաստվածության ռեժիմի պայմաններում կորցրեց իր հեղինակությունն ու հոգևոր դեմքը, ինչը գնալով կատարելագործվեց ներկայիս կաթողիկոս Գարեգին Բ-ի օրոք:

Դեռևս 2010 թ. Մայր Աթոռը տարածեց մի հայտարարություն, որով հրավիրում էր բոլոր վանական ցանկացողներին դիմել Սուրբ Էջմիածնի Վանորեից տեսչություն: Արձագանքը եղավ այն, որ քիչ թե շատ աշխարհական անձինք դիմեցին, ովքեր փափագում էին ապրել վանական կյանքով: Հառիճավանքում ցանվեցին վանական կյանքի առաջին սերմերը, որոնք ընկնելով պարարտ հողի մեջ` դեռ շատ պտուղներ պիտի տային: Սակայն այս ուրախությունը երկար չտևեց, քանի որ Մայր Աթոռի որոշ միաբաններ խառնակչությամբ զբաղվեցին և շեղեցին հայրապետի միտքը այս կարևոր հարցից: Եվ քանի որ կաթողիկոսն էլ չունի հոգևոր մղումներ, այլ հետաքրքրվում է միայն նյութեղեն «արժեքներով», շատ հեշտությամբ համաձայնեց զրպարտիչների խոսքերի հետ և Հառիճավանքից վտարեց սիրված վանահայր Կորյուն աբեղա Առաքելյանին ու նրա վանական խոստովանազավակներին: Միայն պատկերացնել պետք է նրանց ապրած հոգեկան խռովքներն ու դեգերումները…

Ներկայիս եկեղեցական իշխանության համար անհասկանալի և հետևաբար` անընդունելի է վանքի երևույթը` իր ճշգրիտ իմաստով, այսինքն` վանական միաբանությամբ, աղոթական վիճակով, հստակ կանոնադրությամբ, առանց պատահական անցորդների ելումուտի… Դե վերջին հաշվով ի՞նչ օգուտ կա նման վանքերից, որովհետև առատ դրամական հոսք չեն կարող ապահովել Մայր Աթոռի համար, ինչպես դա անում են Գեղարդավանքը, Խոր Վիրապի վանքը, Տաթևի, Հռիփսիմեի և Գայանեի վանքերը... Դեռ մի բան էլ իսկական վանքերը, որոնք վանքի անվան տակ չեն վերածվելու տուրիստական և ծիսակատարության կենտրոնների, ծախսի «ավելորդ բեռ» պիտի լինեն Էջմիածնի համար: Այսպես կարող է մտածել յուրաքանչուր աշխարհիկ մարդ, ով հեռու է աստվածաշնչական պատկերացումներից և եկեղեցական հայրերի ավանդությունից: Այլ խոսքով` հնարավոր չէ միաժամանակ երկու տիրոջ ծառայել` Աստծուն և մամոնային…

​Բայց արի ու տես, որ իրենց մեղքերը «քավելու» համար այս անգամ էլ փորձում են դա անել` կուսանոցներ հիմնելով Հայաստանում: Մայր Աթոռին մոտ կանգնած գրեթե բոլոր մարդիկ գիտեն, որ Գարեգին Բ կաթողիկոսի գավազանակիր Անանիա աբեղա Ծատուրյանը որոշել է Հայաստանում կուսանոց հիմնել, ինչի համար արդեն նախապատրաստական աշխատանքներ է տարել` կազմելով շենքի պռոյեկտը, պատրաստելով ապագա կույսերի հագուստների նմուշը և կանոնը: Այստեղ չենք ուզում անդրադառնալ Հայր Անանիայի լպրծուն նկարագրին և բնավորության «կանացի» գծերին, իր երբեմն անկիրթ վարվեցողությանն ու խորամանկ խառնվածքին, քանի որ մեր նպատակը իր անձը վարկաբեկելը չէ:

Նրան բոլոր ճանաչողները լավագույնս կարող են վկայություններ տալ այդ մասին` հակառակ որ Անանիա աբեղան, երկարատև շփումներ ունեցած լինելով Սուրբ Գայանե վանքի հոգևորականներից Տեր Հարություն քահանա Դարբինյանի հետ, պետք է որ շատ հոգևոր սկզբունքներ որդեգրած լիներ այդ լուսամիտ եկեղեցականից, ով նույնպես ժամանակին անխնա կերպով հալածվեց ու մեկուսացվեց Մայր Աթոռի կողմից: Բայց մյուս կողմից էլ, իմանալով, որ հայր Անանիայի խոստովանահայրն է Աշտարակի Սուրբ Մարիանե եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Մկրտիչ քահանա Երանյանը, որի անունը ոչ վաղ անցյալում կապված էր մի դիվահար և «պայծառատես» վհուկ կնոջ հետ, արդեն շատ բան է հուշում: Ինչևէ, թողնենք այս պատմությունները և գանք մեզ հետաքրքրող թեմային:  

Կուսանոցների գոյությունը Հայաստանում, ինչ խոսք, կարևոր է և նունիսկ, անհրաժեշտություն է: Սակայն մի՞թե արական վանքերից առաջ հարկավոր է հիմնել իգական վանքեր: Որպես կանոն, վանք կարող է հիմնել այն անձնավորությունը, ով ունի երկար տարիների վանական փորձառություն, տեսել և ապրել է վանքում, պատկերացնում է, թե ինչ է հոգևոր կյանքը: Չենք կարծում, որ կաթողիկոսի գավազանը բռնելով` որևէ մեկը կարող է այդ փորձառությունը ձեռք բերել: Իսկ երկրորդ հարցը` ո՞վ է լինելու կույսերի վանքի մայրապետը: Գուցե քույր Հասմի՞կը (հունական անունով` քույր Թեկղի), որին Անանիա աբեղան Հույն եկեղեցու հոգևորական դարձած հայազգի հայր Հովհաննես-Հերոնիմոսի ջանքերով ուղարկեց Հունաստան, որպեսզի տեղի հունական վանքերից մեկում թրծվեր և վերադառնար այդ նպատակո՞վ:   

Իսկ մի՞թե չէր կարելի ուղարկել քույր եկեղեցիներից մեկի` ղպտի կամ ասորական որևէ վանքեր, որոնք, վերջին հաշվով, դավանակից են Հայ եկեղեցուն: Էլ չենք խոսում, որ մի քանի տարի առաջ Վրաստանից հրավիրվեց ազգությամբ հայ, սակայն վրաց կուսանոցի մայրապետ մայր Շուշանիկը, որպեսզի Հայաստանում վա՞նք բացեր: Վերջինս քիչ օրեր անց  հազիվ փախավ Մայր Աթոռից, քանի որ ապշել էր, թե ինչպես կարող են կուսակրոն միաբանները երեկոյան ժամերգությունից հետո առանց հոգևորականի համազգեստի դուրս գալ Մայր Աթոռի շրջաբակից և մինչև ուշ գիշեր «զբոսնել» Երևանի փողոցներով:   

Հույս ունենք, որ այս անդրադարձը օգտակար պիտի լինի մեր եկեղեցուն` խելամիտ գտնվելու և ճիշտ քայլերով շուտափույթ լուծում տալու այս կնճռոտ և նուրբ խնդիրներին: Դա կնպաստի նաև, որ Հայ եկեղեցին փոքր-ինչ բարձրանա հայ հասարակության աչքին, որից էլ կախված է մարդկանց վերաբերմունքը առհասարակ եկեղեցական դասի և ի վերջո` հոգևոր արժեքների նկատմամբ:

Հեղինակ` Սերգեյ Առուստամյան  

 

Կարդացեք նաև` Ով և ինչու է ուզում անվանարկել Անանիա աբեղա Ծատուրյանին

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее