Սիրելի հայեր համայն աշխարհի, առավել ամերիկահայեր Կալիֆորնիա նահանգի, հայեր ամեն տարիքի և առանց սեռական խտրականության
Այսօր ձեզանից շատերը, ովքեր 31 տարի առաջ գուցե շատ փոքր էին և լավ չեն հիշում հայոց ՆԵՄԵՍԻՍ-ի երկրորդ փուլը, երբ սփյուռքահայությունը համազգային պահանջատիրական պայքար էր մղում միջազգային հանրության կողմից հայոց ցեղասպանության ուրացման դեմ, որը սկսվեց 1973 թ. Գուրգեն Յանիկյանի հանդու...գն քայլով, ինչին հաջորդեց Փարիզի և Վիենայի թուրք դեսպանների ահաբեկմամբ և շարունակվեց մինչև Լիսաբոնյան ինքնազոհաբերությունը:
Պայքարի ճանապարհին շատերն ընկան, զոհվեցին, բանտարկվեցին, իրենց պատիժը կրեցին՝ միջազգային ատյաններում հայոց արդար պահանջատիրությունը ներկայացնելով: Այսօր, 40 տարի անց, ամբողջ 10 մլն. հայության մեջ մենք ունենք մեկ ազգի զավակ՝ Համբիկ Սասունյանը, մեր վերջին բանտարկյալ նվիրյալը, ով արդեն 32 տարի ցմահ բանտարկյալի կարգավիճակով զոհ է դառնում թուրք-ամերիկյան հակահայկական շարունակական քաղաքականությանը:
Նկատի ունենալով ԱՄՆ օրենսդրական ֆեդերալ և նահանգային նրբությունները, ինչպես նաև մեր կողմից տասնյակ տարիներ շարունակ վարվող սխալ քաղաքական պայքարի ուղին, պարտավոր ենք վերանայել մեր մոտեցումները այս հարցի վերջնական լուծման շուրջ:
Չնայած այն բանի, որ ողջ պատասխանատվությունը պետք է գիտակցվի համազգային կտրվածքով, սակայն բեռի առավելագույն մասը պետք է դրվի հատկապես համայն Կալիֆորնիայի հայության ուսերին:
Երբ նենգ թշնամին՝ ցեղասպան Թուրքիան, կարողանում է Ամերիկայի Ֆեդերալ կառավարության վրա ճնշում բանեցնել, որպեսզի ժխտման քաղաքականությունը շարունակվի, իսկ մեր հայ նվիրյալներին ահաբեկիչ անվանեն և վերջին ազգանվեր բանտարկյալին զրկեն ներում շնորհելուց, ապա Կալիֆորնիայի ողջ հայությունը մեկ մարդու նման պետք է ոտքի կանգնի ի պաշտպան հայոց շահերի և հանուն վեհ գաղափարի զոհ գնացած արդարադատության մարտիկի:
Այլևս երկմտանքի տեղ չկա, միակ անմիջական ուղին է՝ դիմել Կալիֆորնիայի Նահանգապետին ներում շնորհելու պահանջով: Սա առաջին քայլը կլինի ընդդեմ մեր արդար պահանջատիրության հնարավոր հերթական ոտնակոխմանը: Այլևս պետք չէ՛ թույլ տալ նույնիսկ փոքր նահանջ՝ առջևում հայոց եղեռնի 100-ամյակն է:
Նենգափոխելով պատմությունը, ոտնահարելով արդարությունը, մեր հակառակորդը միշտ չարախնդաց: Խոստումներին այլևս դժվար է հավատալ, հարկավոր է անցնել սկզբունքային պայքարի: Համբիկ Սասունյանը թուրք-ամերիկյան ժխտողական քաղաքականության ԶՈՀՆ է, և բավ է արդեն այսքան համբերող և ձեռնունայն մնալ:
ԿՈՉ Կալիֆորնիայի և համայն աշխարհի հայերին՝
Շրջանցելով թուրք-ամերիկյան վերին և ստորին օղակները, դիմել Կալիֆորնիայի Նահանգապետին Համբիկ Սասունյանի ազատ արձակման սկզբունքային պահանջով: ՍԱ ԱՐԴԵՆ ՈՂՋ ՀԱՅՈՒԹՅԱՆ ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՐՑՆ Է:
Ազատամարտիկ Շահե Աճեմյան