Պատերազմական գործողությունների արդյունքում Սիրիայից Հայաստան ներգաղթած մեր ընթերցողներից մեկի՝ Արարատ Չուրուկեանի՝ ASEKOSE.am-ին ուղարկված նամակն ամբողջությամբ ու առանց մեկնաբանությամբ ներկայացնում ենք ստորև.
«Հարգելի հայրենակիցներ, ողջունում եմ «Արմենիա» հեռուստաընկերության՝ Սիրիայից վերջին տարիներին Հայաստանում հաստատված մեր գործարար հայրենակիցներին աջակցելու պատրաստակամությունը: Ինչպես հայտնի է, հեռուստաընկերությունը գործարարներին իրենց արտադրանքն անվճար գովազդելու հնարավորություն է տալիս, ինչն իսկապես մեծ օգնություն է: Վստահ էի, որ խոսքը վերաբերում է նրանց, ովքեր Սիրիան լքել են պատերազմական գործողությունների պատճառով և ովքեր կորցրել են իրենց կայացրած բիզնեսը Հալեպում, Դամասկոսում և սիրիական այլ քաղաքներում:
Սակայն վերջերս մի դիպվածով տարակուսեցի. զարմանքս մեծ էր, երբ ազդագրերի շարքում նկատեցի նաև «kazanchyan watches» ժամացույցների սրահի գովազդը:
Հարց է ծագում՝ արդյո՞ք այս կարևոր ու ողջունելի նախաձեռնության հեղինակները չգիտեն, որ պատերազմական պայմաններում հարկադրաբար Սիրիայից հեռացած, Հայաստանում նոր գործունեություն ծավալողներին և Հայաստանի ամենաթանկարժեք հյուրանոցներից մեկի ամենաթանկ հարկաբաժնում տարիներ առաջ խանութ բացած գործարարներին չի կարելի դնել նույն հարթության վրա: Չէ՞ որ նրանց կարգավիճակը նույնը չէ: Կամ միգուցե հենց «kazanchyan watches» խանութի տնօրինությու՞նն է որոշել օգտվել առիթից, ինչը չափազանց հիասթափեցնող է: Հուսով եմ` իմ մտահոգությունը կհասկանաք, ոչ թե կընկալեք իբրև նախանձի դրսևորում»: