Աշխարհահռչակ System of A Down ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանը սուրճի հայկական բրենդ է ստեղծել, որը կոչվում է Kavat: Այդ մասին նա պատմել է 3 մասից բաղկացած The Art of Work ֆիլմի երկրորդ մասում: Ֆիլմը ստեղծվել է Revolver պարբերականի հետ համատեղ:
Նկարահանումներն իրականացվել են 2017-ին Թանկյանի տանը Մալիբուի լեռներում:
Ֆիլմի երկրորդ մասում երաժիշտը պատմում է, որ սուրճ շատ է սիրում, որ այն տարիներ շարունակ միահյուսված է ստեղծագործելու հետ: Սուրճի հանդեպ մեծ սերն էլ դրդել է Թանկյանին սուրճի սեփական ապրանքատեսակը ստեղծել` ներկայացնելով հայկական սուրճն ամբողջ աշխարհին:
Ֆիլմում նա ինքն է եփում Kavat սուրճը, պատմում է հայկական սուրճի հետ կապված սովորույթների և նախագծին իր մոր մասնակցության մասին:
Ֆիլմից մի հատված Թանկյանը տեղադրել է Instagram-ի իր էջում, որին կից գրել է. «Ես չգիտեմ ինչպես դուք, ընկերներ, բայց ես պատրաստ եմ իմ երկրորդ գավաթ սուրճի համար և դեռ կեսօր չէ: Այս գրառումով ես ուրախ եմ տեղեկացնել, որ իմ որոշ ընկերների հետ պատրաստել եմ հայկական սուրճ՝ ժամանակակից ձևով, և ես ուրախ եմ ձեզ ցուցադրել այս կարճ տեսանյութը՝ պատճառների մասին, թե ինչու»:
Հիշեցնենք, որ 2017-ի ավարտին Թանկյանը ռուսական «Էքսպերտ» պարբերականին պատմել էր, որ ուզում է սուրճի հայկական բրենդ ստեղծել: