«Այս տարվա հունվարին անցած տարվա դեկտեմբերի համեմատ Հայաստանում պարենամթերքը թանկացել է 5 տոկոսով։ Սա ամեն տարվա համար բնորոշ ցուցանիշ է, սակայն այս անգամ որոշ մթերքների գնաճի տարօրինակ միտումներ են արձանագրվել։
Դեկտեմբերի համեմատ կարտոֆիլն ու բանջարեղենը թանկացել են 31.5 տոկոսով։ Իհարկե, այս ամիսներին թանկացումը մեր շուկային բնորոշ է, սակայն ոչ այս չափով։ Համեմատության համար նշենք, որ անցած տարի հունվարին 2014 թ. դեկտեմբերի համեմատ կարտոֆիլն ու բանջարեղենը թանկացել էին ընդամենը 14 տոկոսով։ Թե ինչով է պայմանավորված այս մթերքների գնաճի տեմպի կրկնապատկումը, այնքան էլ հասկանալի չէ։ Խնդիրն այն է, որ ըստ պաշտոնական վիճակագրության, անցած տարի Հայաստանում աննախադեպ բերք է հավաքվել, նաեւ կարտոֆիլի։ Իսկ գնաճի նման ցատկը կարող է վկայել, որ կա կարտոֆիլի դեֆիցիտ։ Դա կարող է պայմանավորված լինել կամ հայտարարվածից զգալի քիչ բերքով, կամ արտահանման մեծ ծավալներով։ Ըստ ԱՎԾ երեկ հրապարակած տվյալների, չնայած անցած տարվա հունվարի համեմատ դրամի փոխարժեքը էական փոփոխության չի ենթարկվել, զգալիորեն թանկացել են ՀՀ ներկրվող պարենային մի շարք ապրանքներ, այն դեպքում, երբ աշխարհում դրանց գները նվազել են»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։