Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ԱԺ նիստին հայտարարել է, որ Ռուսաստանում բանակցություններ են ընթանում Հայաստանին մատակարարվող գազի գնի շուրջ:
Վարչապետը նշել է, որ ամենաբարձր մակարդակով ընթացող բանակցությունների նպատակը գազի գինը նվազեցնելու կամ սուբսիդավորելու հնարավորություններ գտնելն է: Այս մասին գրում է Azatutyun.am-ը:
Տիգրան Սարգսյանը հավաստիացրել է, որ Կառավարությունը օգտագործում է բոլոր լծակները, որպեսզի գազի գինը հնարավորինս ցածր լինի: Նրա խոսքով`
«Երբեմն թվում է, թե այնքան հեշտ է գազ մատակարարող երկրների հետ պայմանավորվել եւ էժան գազ մատակարարել Հայաստանի Հանրապետություն: Այսօր ՀՀ կառավարությունը օգտագործում է իր բոլոր լծակները, որպեսզի գազը, որ մատակարարվում է Հայաստանի Հանրապետության տնտեսությանը, լինի առավել ցածր գների: Ես ձեզ հավաստիացնում եմ, որ մենք դրա համար անում ենք ամեն ինչ` սկսած մեր հարաբերություններով Իրանի Իսլամական Հանրապետության հետ, ավարտած մեր ռազմավարական գործընկերոջ հետ բանակցային գործընթացով»:
Հակադարձելով դիտարկմանը, թե Կառավարությունը «ձեռքերը ծալած» նստելու փոխարեն պետք է քայլեր ձեռնարկեր գազամատակարարման մենաշնորհի դեմ, Տիգրան Սարգսյանն ասել է, թե ձեռքերը ծալած չեն նստել, այլ բանակցել են, ինչի արդյունքում անցած երեք տարիներին սպառողներին մատակարարվող գազի սակագինը չի փոխվել: