Այսօր տեղեկություն տարածվեց, որ Կապան-Երևան ու հակառակ ուղղությամբ չվերթների համար ինքնաթիռ է գնվել: Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը հայտարարել է. «պայմանագիր ենք կնքել չեխական ավիաընկերության հետ, գնել ենք L-410 մակնիշի ինքնաթիռ. այն 19 տեղանոց է, կատարելու է չվերթներ Կապանից-Երևան ու հակառակ ուղղությամբ»: Մարզպետը նաև ասել է, որ տոմսերի գները դեռ վերջնական որոշված չեն, սակայն նախնական 30-40 հազար դրամի սահմաններում է լինելու:
Քանի մարզպետն ու Կապան-Երևան թռիչք իրականացնողները վերջնական չեն կողմնորոշվել ավիատոմսի գնի հարցում, հարկ ենք համարում ավելացնել, որ հենց այսօր էլ հայտնի դարձավ, որ Wizz Air ավիաընկերությունը 2018-ի մայիսից նոր ավիաչվերթներ կիրականացնի վրացականՔութաիսից Եվրոպայի որոշ քաղաքներ: Մասնավորապես թռիչքներ կիրականացվեն դեպի Բարսելոնա, Հռոմ, Պրահա և Փարիզ: Տոմսերի պատվերները մեկնարկում են 2017-ի նոյեմբերից: Քութայիսից Բարսելոնա տոմսերի արժեքը Basic սակագնով մեկնարկում է 79 լարիից (մոտ 33 դոլար): Դեպի Հռոմ, Պրահա և Փարիզ Basic սակագնով հնարավոր կլինի թռչել 111 լարիից սկսած (մոտ 45 դոլար):
Տեղեկացնենք , որ Կապանի օդանավակայան վերջին անգամ թռիչք իրականացվել է շուրջ 27 տարի առաջ, իսկ 2017-ի հունիսին այնտեղ առաջին օդանավն է փորձնական վայրէջք կատարել: