ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն ԱԺ ամբիոնից ելույթի ընթացքում խոսելով «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» եւ «Գովազդի մասին» օրենքներում նախատեսված փոփոխությունների մասին, անդրադարձել է նաև գովազդի հետ կապված մի շարք այլ խնդիրների` այդ թվում գովազդներում առկա համատարած անգրագիտությանը:
«Գովազդում ասում են՝ Կանացի վարսավիրանոց... Տղամարդու կաշվից կոշիկ են գովազդում: Այս կարգի անգրագիտություններ, անճաշակություններ լեցուն են ու որեւէ մեկը չկա, որ սրանց խելքի բերի»,-ասել է Արամ Մանուկյանը:
«Մի ավելի վատ օրինակ ասեմ, թե ինչ կարող է գովազդը բերել: Վերջին 1 տարվա ընթացքում ինտենսիվ գովազդվում է արտագաղթը, գովազդվում են այն ավտոբուսները, որոնցով կարելի է հարմարավետ, հանգիստ, սնունդով, զուգարանով գնալ ՌԴ ցանկացած քաղաք` էժան: Այսինքն մենք գովազդ ենք ուտում, որտեղ գովազդվում է մարդու արտահանումը, տեղահանումը»,-նշել է Արամ Մանուկյանը` հարցնելով. «սա՞ է գովազդի քաղաքականությունը»: