«Հրապարակ» թերթը գրում է. «Հունվարի 30-ին Կիեւյան կամրջից նետված 47-ամյա Արտակ Գալստյանը բնապահպանության նախարարության բնապահպանական տեսչության պետ Հակոբ Գալստյանի եղբայրն է։ Նա երկար տարիներ աշխատել էր Արարատի ոսկու կորզման ֆաբրիկայում՝ որպես արտադրամասի պետ։ Նրա վերաբերյալ Հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ կա հարուցված՝ խոշոր չափի ոսկու յուրացման մեղադրանքով։
Սակայն տարակուսելին այն է, որ եւ հանքի ղեկավարությունը, եւ աշխատակիցը պնդել են, որ որեւէ գողություն չի եղել, ոչինչ չի պակասել հանքից։ Տեղեկություններ կան, որ հանգուցյալ Գալստյանն այդ գործով երկրորդական անձ է եղել, ավելի «խոշոր գլուխներ» են մասնակցել, բայց երբ ամիսներ առաջ Երեւանի ոսկու շուկայում ոսկու իրացման պահին բռնվել են, Գալստյանին սպառնացել են, որ անուններ տալու դեպքում հրաժեշտ կտա ընտանիքին։ Ասում են նաեւ, որ նա փողի խնդիր չի ունեցել եւ ցանկացած «թվի» տակից կարող էր դուրս գալ։
Տեւական ժամանակ ՀՔԾ-ում հարուցված քրգործի շրջանակներում Արտակ Գալստյանին տարել-բերել են եւ պահանջել անուններ ասել, մյուս կողմից էլ՝ սպառնացել են։ Ի դեպ, տեղեկություններ կան, որ գործով մոտ 3 տասնյակից ավելի մարդ է անցնում, հիմա ֆաբրիկայում ահուդողով սպասում են, թե ինչ ճակատագիր է իրենց սպասվում։ Տղամարդը տանը գրություն է թողել, թե գնում եմ Կիեւյան, սակայն մինչեւ կինը գտել ու հասել է կամրջի մոտ, արդեն ուշ է եղել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում