▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ժպիտն արժեք է

Ներկայիս տեխնոգեն միջավայրի արագ փոփոխման պայմաններում հայ մարդու միտքը չի հասցնում ձևավորել ժամանակին հարիր աշխարհընկալում: Մարդը դառնում է ժամանակավրեպ ու ընկնում հիշողությունների գիրկը, հիշում  ժամանակներ, երբ ինքը պահանջված էր: Նրա համար կարոտախտի զգացողությունը նոր ժամանակի գալուստի ազդակ չէ, նա բոլոր խնդիրների լուծումը տեսնում է բացառապես իշխանափոխության մեջ:

Պ-ն Աբրահամյան, վարչապետերի ակումբ ստեղծելու մասին խորհրդարանում հնչեցրած Ձեր հայտարարությունը հիշեցնում է խորհրդային տարիների «ձնհալ» կոչվող հասարակական մտքի ռելաքսը: Նախորդ վարչապետերին Ձեր կազմակերպած ակումբում համախմբելը, ի տարբերություն 90-ների ակումբի, արդյունավետ լինելու նախադրյալ ունի, քանզի Ձեր էությանը խորթ չէ երախտագիտություն ասածը:

Ակումբին անդամակցելու Ձեր առաջարկը պ-ն Բագրատյանը, բնականաբար, չեր կարող մերժել: Ձեր դեմքերին պարբերաբար հայտնվող ժպիտներն, ասես փաստւմ էին յուրաքանչյուրիդ ենթագիտակցության ազատագրումը գիտակցության ճիրաններից: Կարելի էր ենթադրել, որ ձեր մտայնության մեջ միմյանց հետ նորովի աշխատելու հնարավոր պատկեր էր ուրվագծվում: Իսկ ինչու ոչ. չէ որ ոչ մեկդ, և ոչ էլ մյուսդ, ոչ սելեկտիվ նեգատիվիզմով եք տառապում և ոչ էլ մենթալ դալտոնիզմով:

Պ-ն Աբրահամյան, առ այսօր Ձեր միակ «թերությունը» ունեցվացքն է, բայց հոգ չէ. ցանկության պարագայում դա կարելի է շտկել:

Պ-ն Բագրատյան, ժամանակին սովորեցրիք սեփականաշնորհելու ձևը, հիմա ժամանակն է սկսել սովորեցնել  կուտակածը ներդնելու ձևը: Կարծում եմ, որ Ձեր կողմից նման օգնության առաջարկը պ-ն Աբրահամյանը կընդունի՝ միշտ որպես այլընտրանք ուենալով  պ-ն Ալեքսանդր Սարգսյանի «օգնության պատրաստակամությունը»: Կուղղորդվեն նրա միջոցները ազգանպաստ գործի, կմոռանանք դրանց ծագման մասին: Արդյունքում` պ-ն Աբրահամյանը կունենա թափանցիկ բիզնես, թիկունքում` նախագահության թեկնածու Հ. Բագրատյանի 30 000 ընտրողներին, պ-ն Ն. Փաշինյանը ընդիմախոսից կդառնա համախոհ, տիկին Զարուհի Փոստանջանի մեծ ատելությունը կփոխվի մեծ սիրու: Մենք դրա ականատեսները դեռ կլինենք (չհավատացողների համար մեր երկրի դռները բաց են, լրագրողի աշխատատեղերն էլ` ծով): «Շատ մի սիրի` ատել կա, շատ մի ատի` սիրել կա». սա արդեն ժողովուրդն է ասում:

Հարգելի ընթերցող, եթե դուք շահից դեպի միաբանություն տանող ավելի հուսալի ճանապարհ գիտեք (բացառությամբ կուլակաթափությունը), պատրաստ ենք գալ ձեր ետևից: Եթե ճանաչում եք ազնվական ծագում ունեցող, հարստությանը նայելիս նրա արտաքին կողմից անդին տեսնող հայ մարդկանց, ապա նրանց տեղն էլ ցույց տվեք:

Հիմա Պ-ն Աբրահամյանի արժանիքների մասին: Զուսպ ու հավասարակշռված, տիկին Զարուհի Փոստանջանի «մահակի» փորձության քննությունը փայլուն բռնած (հինգ ու խաչ), սադրանքի ոչ ենթակա, խնդրահարույց վիճակներում լավագույն ելքը տեսնող ու բանակցելու մեծ ընդունակությամբ օժտված անձնավորություն:

Ցանկացած նպատակի հասնելու համար փոխադարձ հարգանքն ու բարեկիրթ վարվելակերպը միմյամց կողմից լսված լինելու միակ միջոցն են, քանզի վերջինիս բացակայության պարագայում յուրաքանչուր գործունեություն դառնում է դեստրուկտիվ, արդյունքն էլ` նախորդի կրկնությունը, եթե ոչ ավելի վատը:

Պարոնայք վարչապետեր` Հ. Բագրատյան և Հ. Աբրահամյան, այսօր դուք միմյանց հանդեպ տածած հարգանքով իշխանության ու ընդդիմության համար, մեկդ` խելքի ու գիտելիքի, մյուսդ` խելոք վարքագծի ու միաբանության դրսևորման փայլուն օրինակ եք: Ականատեսն ենք քաղաքական գործչի մտածելակերպից դեպի պետական գործչի մտածելակերպի անցմանը…  

Եվ վերջում` խնդրանք Պ-ն Բագրատյանին: Պ-ն Բագրատյան, չե՞ք կարծում, որ փոքր ու միջին բիզնեսի զարգացման համար գրված օրենքները, անգամ ընդունվելուց հետո չեն տա սպասվելիք արդյունքները այնքան ժամանակ, քանի դեռ մենք չենք դարձել Բագրատյան տնտեսագետի գիտելիքի սպառողը: Արի ու տես, Բագրատյան գիտնականի դասախոսությունները բազմաթիվ երկրներում պահանջված են, իսկ սեփական Հայրենիքում, լայն հանրությանը անգամ հայտնի չեն: Բազմիցս ցանկություն ենք հայտնել լսել Ձեր դասախոսությունները` վեբինար,  հեռուստաալիքի կամ կայքի տեսքով. ընտրությունը Ձերն է: Համաձայնեք, որ որքան մենք օժտված լինենք բիզնեսին վերաբերող գիտելիքով, այնքան նրան նպաստող օրենքների ընդունումը կլինի դյուրին:

                                                                                          Վահագն Կոզմոյան

27.05.2014   

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее