РОССИЯ 1 հեռուստաալիքով`«Եվրատեսիլ - 2014-ի» առաջին կիսաեզրափակչից հետո մինչև ուշ գիշեր շարունակված հեռուստատեսային շոուի ժամանակ ներկաները քննարկել են մասնակիցների շանսերը:
Ռուսաստանի Լիբերալ Դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին կարծիք է հայտնել, որ հաղթանակի ամենամեծ շանսն ունի Հայաստանի ներկայացուցիչ Արամ MP3-ը, քանզի վստահ է, աշխարհասփյուռ հայությունը համախմբվելու է և ակտիվ քվեարկության միջոցով այնպես է անելու, որ հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ հաղթանակը լինելու է Հայաստանինն ու եկող տարի երգի համաեվրոպական մրցույթն անցկացվելու է Երևանում:
Ժիրինովսկին նաև խոստացել է, որ մեծ ինքնաթիռ է վարձելու և РОССИЯ 1-ի ստուդիայում այսօրվա քննարկման բոլոր մասնակիցների հետ եկող տարի այցելելու է Երևան` ոգևորելու հայերին:
Հիշեցնենք, որ РОССИЯ 1 հեռուստաալիքով`«Եվրատեսիլ - 2014-ի» առաջին կիսաեզրափակչի հեռարձակման ժամանակ` Հայաստանի ներկայացուցիչ Արամ MP3-ի Not Alone-ի կատարումից հետո հաղորդավարը չի կարողացել թաքցնել հիացմունքն ու խոստովանել է, որ «Արարատ, հուպ տուր»-ն է հիշում, իսկ նրա գործընկերուհին էլ Արամին նմանացրել է Գրիգորի Լեպսին:
Ավելացնենք, որ հեռուստադիտողների և ժյուրիի քվեարկության արդյունքում` Հայաստանն ու Արամ MP3-ը`Եվրատեսիլ-2014-ի եզրափակիչում են. Վճռորոշ օրը` մայիսի 10-ն է: