ՀՀԿ վերնախավը, արձագանքելով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հրավիրած խորհրդաժողովին, կարծես թե հակադարձելու այլ բան չի գտել եւ որոշել է կառչել ԲՀԿ առաջնորդի ելույթից: Այդ գործի համար ՀՀԿ-ն անգամ որոշել է գործի դնել իր «ծանր հրետանուն»` Աժ նախագահ Գալուստ Սահակյանին, որն էլ շտապել է Ծառուկյանի ելույթը գնահատել որպես «շատ բառերով բեռնած, դժվար ընթեռնելի մի նյութ, որի տրամաբանական կառուցվածքը կաղում էր, իսկ ներքին հակասություններն աղաղակող էին»: «Նման խայտառակ հակասությունները զվարճալի կլինեին, եթե այսքան անտրամաբանական չլինեին»,- եզրափակել է Գրիգորիչը:
Անկեղծ ասած` Գ. Ծառուկյանի ելույթն, իրոք, առանձնապես նոր ասելիք չէր պարունակում, սակայն դրա` «ավելորդ բառակույտով» հագեցած լինելու շուրջ քննադատությունը Գ. Սահակյանի կողմից ոչ թե զվարճալի է, այլ շատ, անչափ զվարճալի է: Մի մարդ, որի արտաբերած յուրաքանչյուր նախադասություն անիմաստ բառակույտերի շարան է, որի բանավոր խոսքն ուղղակի անհնար է վերծանել, եւ որի գրեթե յուրաքանչյուր հարցազրույցի ամեն երրորդ պարբերությունը հակասում է առաջինին, որոշել է իր «հեղինակավոր» գնահատականը հնչեցնել Ծառուկյանի ելույթի մասին:
Իսկ եթե ավելի լուրջ խոսենք, ապա ՀՀԿ-ականների այս դրսեւորումը հերթական անգամ ցույց տվեց, թե որքան սնապարծ են նրանք եւ իրականությունից որքան կտրված` սեփական հնարավորությունները գնահատելիս: Հակառակ դեպքում` Ծառուկյանի գրավոր խոսքը քննադատելու «առաքելությունը» չէին վստահի մեկին, ում մամուլի խոսնակը հորդորել է այլեւս հանդես գալ բացառապես գրավոր խոսքով` անընդհատ խայտառակ չլինելու համար:
Ինչ վերաբերում է Ծառուկյանի ելույթներին, ապա դրանք, ինչ խոսք, վատն են, քանի որ ամենից առաջ` համահունչ չեն Ծառուկյանի էությանը, որն, ի դեպ, առավել շահեկան է դրսեւորվում նրա բանավոր`թեկուզ ոչ շատ խորքային, սակայն առավել անկեղծ խոսքում: Այս իմաստով շատ ավելի վատն են Սերժ Սարգսյանի ելույթները, որոնք գուցե առավել ճարտար են շարադրված, սակայն նույնքան հեռու են նրա հոգեկերտվածքից: Բայց ի տարբերություն Ծառուկյանի, Սարգսյանի բանավոր անկեղծությունը միայն ի վնաս նրան է: «Խիյարի», որ ին՞չ անելու, ինչքան ուզես` խփելու մասին նրա զեղումները, սակայն, ավելի շատ են տպավորվում, քան նրա պաճուճազարդ գրավոր ելույթները: Այնպես որ, պարոնա՛յք ՀՀԿ-ականներ, սեփական աչքի գերանը թողած, ուրիշի փուշն եք ցույց տալիս, որ ի՞նչ անեք:
Շարունակությունը և ուշագրավ այլ նյութեր «Ժողովուրդ» թերթում