«Ոչ իշխանական քաղաքական ուժերի եռյակ, ըստ էության, այլևս գոյություն չունի: Երեկ Ազատության հրապարակում այդ մասին հայտարարեց նաև Եռյակի անդամ կուսակցություններից մեկի՝ «Ժառանգության» նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը: Եռյակի մյուս անդամները՝ ԲՀԿ-ն ու ՀԱԿ-ը, դեռևս պաշտոնապես նման հայտարարություն չեն արել, բայց խնդիրը, հասկանալի է, այդ մասին հայտարարել կամ չհայտարարելը չէ: Եռյակը դադարեց գոյություն ունենալ այն պահից, երբ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը հանդես եկավ իր հայտնի հայտարարությամբ, որին հետևեց դրանից ընդամենը երկու օր առաջ որպես Եռյակի կողմից ամենահուժկու միջոցառում ներկայացվող՝ փետրվարի 20-ի հանրահավաքից հրաժարումը: Մինչև վերջին հայտնի իրադարձությունները ոչ իշխանական ուժերի Եռյակը ներկայանում էր՝ որպես հայաստանյան քաղաքական գործընթացների լոկոմոտիվ:
Նոր իրավիճակում, սակայն, այդ լոկոմոտիվն այլևս «չի աշխատում»։ Ակնհայտ է, որ անցած մեկ շաբաթվա իրադարձություններից հետո Հայաստանի քաղաքական կյանքում առաջացել է վակուում: Ո՞վ կամ ովքե՞ր են լցնելու այդ վակուումը: Հասկանալի է, փորձելու են բոլորը, այդ թվում՝ իշխանությունը՝ «կառուցողական ընդդիմությամբ» քաղաքական դաշտը լցնելու իր ցանկությամբ: Կկարողանա՞ն քաղաքական դաշտում լավ թե վատ դերակատարություն ունեցող ուժերը հարմարվել նոր իրողություններին, թե՞ իշխանություններին կհաջողվի որոշել նաև՝ ով իրավունք ունի լինել հրապարակում, ով՝ ոչ: Այդ հարցից է մեծապես կախված քաղաքական զարգացումների հետագա ընթացքը: Եթե, իհարկե, վերջին իրադարձություններից հետո տեղի ունեցողը կարելի է անվանել «քաղաքական զարգացումներ»»,–գրում է թերթը։
Շարունակությունը և ուշագրավ այլ նյութեր «168 ժամ» թերթում