ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ՀՀԿ ԳՄ նիստից առաջ պատասխանելով Լեւոն Հայրապետյանի ձերբակալության հետ կապված լրագրողների հարցին` երեկ խիստ ուշագրավ հայտարարություն է արել` ասելով. «Եթե մարդիկ օրենք են խախտում եւ կալանավորվում են, մենք ի՞նչ կարող ենք անել»: Լրագրողների տարակուսանքից հետո, թե որտեղից գիտի, որ Լեւոն Հայրապետյանը օրենք է խախտել, վարչապետը՝ զգալով, որ լուրջ սխալ է թույլ տվել, նախ եւ առաջ խախտելով մարդու անմեղության կանխավարկածը, փորձել է արդարանալ` սրբագրելով վայրկյաններ առաջ ասածը:
Անկեղծ ասած` բավականին տխուր տեսարան էր նախ այն, որ երկրի վարչապետի պաշտոնը զբաղեցնող մարդը նման տարրական հարցում այդպիսի կիքս է թույլ տալիս, սակայն է՛լ ավելի տխուր էր այն շողացող, գրեթե հրճվանքի հասնող ժպիտը, որով Հովիկ Աբրահամյանը ռուս իրավապահներից առաջ ընկնելով հայտարարում էր, թե Լեւոն Հայրապետյանն օրենք է խախտել: Ի վերջո` խոսքը հայազգի մեծ բարերարի մասին է, ով տարիներ շարունակ տասնյակ միլիոնավոր դոլարների բարեգործական ծրագրեր է իրականացրել Ղարաբաղում, ընդ որում` առանց այդ մասին տարփողելու, ով զգալի մշակութային-բարեգործական նախագծեր է հովանավորել նաեւ Հայաստանում, ով ողջ աշխարհով մեկ իր կապերն օգտագործելով` լոբբինգ է արել Ղարաբաղի անկախության եւ Ցեղասպանության ճանաչման օգտին` այդ նպատակով անգամ հանդիպելով ԱՄՆ նախագահ Բ. Օբամայի հետ:
Հ. Աբրահամյանի անթաքույց ուրախությունը, սակայն, կարելի է հասկանալ, եթե հիշենք, թե Հայրապետյանն ինչպես էր արտահայտվում երկիրն արնաքամ անող օլիգարխների եւ իշխանությունների մասին: Նա, հիշեցնենք, նախորդ տարի հայտարարեց, թե Հայաստանում իշխանափոխությունը պետք է տեղի ունենա 20 րոպեում, իսկ մարդկանց թոշակները 6 դոլարով բարձրացնելու փոխարեն պետք է երկրի արտաքին պարտքը մարեն Հայաստանը թալանած օլիգարխները, եւ այդ դեպքում արդեն թոշակները կբարձրացվեն 100 դոլարով: Նա նաեւ առաջարկում էր իրականացնել «Ցուցակ» օպերացիան` ստիպելով, որ Հայաստանից արտագաղթեն ոչ թե հուսահատված քաղաքացիները, այլ «արհեստական օլիգարխները»: Իսկ վերջերս էլ Հայրապետյանը բառացիորեն հայհոյել էր Սերժ Սարգսյանին` ասելով. «Դրսից նայելիս, թե ինչ է կատարվում Հայաստանում, մարդու մազերը բիզ-բիզ են կանգնում»:
Ասել է թե` ՀՀ օլիգարխիկ իշխանությունների համար Հայրապետյանի կալանավորումը սպասված եւ ուրախալի լուր էր: Եվ նրանց համար միանգամայն անկարեւոր է, թե նա ինչպիսի վաստակ ունի ԼՂՀ կայացման հարցում: Հայրապետյանը խախտել է կանոնը. նա դեմ է գնացել համակարգին: Ճիշտ նույնկերպ կանոնը խախտել էր նաեւ սոցիալական արդարություն պահանջող պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանը, ով երեկ դատապարտվեց վեց տարվա ազատազրկման` ի տես մնացած ազատամարտիկների:
Ուշագրավ այլ հոդվածներ` «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում