▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իշխանափոխությունը կարող է տեղի ունենալ ոչ շուտ, քան 2016 թվականին. «168 ժամ»

«168 ժամ» թերթի առաջնորդողից մի հատված.


«Այսօր տեղի է ունենալու ՀՀԿ գործադիր մարմնի, ապա՝ խորհրդի նիստը, որի ժամանակ, ըստ ՀՀԿ-ականների, ամենայն հավանականությամբ, Սերժ Սարգսյանը հայտնելու է իր տեսակետը Սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ: Դատելով ՀՀԿ-ականների հայտարարություններից ու հարցազրույցներից, Սերժ Սարգսյանը հայտարարելու է, որ չի պատրաստվում հրաժարվել սահմանադրական բարեփոխումներից: Դրանից հետո ներքաղաքական կյանքում կհաստատվի նոր իրավիճակ, ոչ իշխանական ուժերը, ինչպես հայտնի է՝ դեմ են սահմանադրական փոփոխություններին՝ դա համարելով Սերժ Սարգսյանի իշխանության վերարտադրությանն ուղղված քայլ: ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն էլ իր հրավիրած վերջին խորհրդաժողովում ակնարկեց, որ եթե իշխանությունը չհրաժարվի քաղաքական ուժերի աջակցությունը չվայելող սահմանադրական փոփոխություններից, ժողովրդին այլ բան չի մնա, քան պարտադրել արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրություններ:

 

Ինչպե՞ս կպատասխանի ԲՀԿ-ն: Այս հարցից է, ըստ էության, զգալիորեն կախված, թե ինչպես կզարգանան քաղաքական գործընթացներն առաջիկայում: Հետաքրքիր է, որ ՀՀԿ նիստից առաջ երեկ Գ. Ծառուկյանի հրավիրած «Ոչ իշխանական քաղաքական հասարակական ուժերի խորհրդաժողովի քարտուղարության» կողմից տարածվել է տեղեկանք, որում, ի թիվս այլ արձանագրումի, անդրադարձ կա նաև սահմանադրական փոփոխություններին: «Խորհրդաժողովի մասնակիցներն անթույլատրելի են համարում կիսապատերազմական իրավիճակում, տնտեսական անկման պայմաններում երկրի կառավարման մոդելի փոփոխության թեմայով Սահմանադրական հանրաքվեի անցկացումը: Խորհրդաժողովի մասնակիցները փաստում են, որ հպնրաքվեի անցկացումը ժամանակավրեպ և խիստ վտանգավոր միջոցառում է: Խորհրդաժողովում հնչել են առաջարկներ, որ եթե իշխանություններն այնուհանդերձ չլսեն հասարակության և քաղաքական ուժերի կարծիքը և գնան հանրաքվեի, ապա վերջինիս անցկացման օրը պետք է հայտարարել ՈՉ-ի հանրաքվեի օր և սկսել շուրջօրյա համապետական ցույցեր՝ իշխանափոխության պահանջով»,- նշված է այդ տեղեկանքում, որի հիման վրա առաջիկայում հրապարակվելու է հռչակագիր:

 

Ուշագրավ է, որ այս փաստաթղթով, ըստ էության, առաջին անգամ իշխանափոխության ժամկետ է նշվում, թեև ոչ այնքան որոշակի: Թե երբ տեղի կունենա Սահմանադրական հանրաքվեն՝ հայտնի չէ: Հայտնի է միայն, որ այն կայանալու է ոչ շուտ, քան 2016 թվականին: Որոշակի շրջանակներում չի բացառվում նաև հանրաքվեն 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների հետ համատեղ անցկացնելու հնարավորությունը: Այլ կերպ ասած՝ իշխանափոխությունը կարող է տեղի ունենալ ոչ շուտ, քան 2016 թվականին: Ուշագրավ է, որ այս տեղեկանքը տարածվել է Գագիկ Ծառուկյանի՝ Մոսկվայից վերադառնալուց հետո»,–գրում է թերթը։

 

Ուշագրավ այլ նյութեր «168 ժամ»  թերթում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ далее