«Ղարաբաղը գոնե մեր օրենսդրությամբ, գոնե մեր պատկերացումներով այսօր Հայաստանի մաս չի կազմում»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասել է Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը՝ անդրադառնալով Աստանայում հնչած հայտարարությանը:
Հարցին, թե առանց ԼՂՀ-ի մտնելո՞ւ ենք Մաքսային միություն, նախարարն արձագանքել է. «Իսկ մենք ո՞ր կազմակերպության մեջ ենք մտել Արցախի հետ միասին, կարո՞ղ եք ասել։ Մենք ՄԱԿ-ի անդամ ենք Արցախի հետ միասի՞ն, մենք ԱՊՀ անդամ ենք Արցախի հետ միասի՞ն»:
Հիշեցնենք, որ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը Աստանայում` Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ընդլայնված նիստում, հայտարարեց, թե կա իրենց համար ոչ այնքան հաճելի մի հարց, որը, սակայն, կարելի է հետո լուծել: Ու, դիմելով Սերժ Սարգսյանին, ասաց, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւից նամակ են ստացել, ըստ որի՝ «Հայաստանն Առեւտրի համաշխարհային կազմակերպությանն անդամակցել է վերապահումով՝ դրույթները պետք է տարածվեն Հայաստանի այն տարածքների վրա, որոնք ՄԱԿ-ի կողմից ճանաչված միջազգային սահմանների շրջանակներում են, ինչպես ԱՀԿ-ում է»: Այլ կերպ ասած, Հայաստանը Եվրասիական միությանը պետք է անդամակցի ՄԱԿ-ի կողմից ճանաչված սահմաններով, այսինքն՝ առանց Արցախի: