Արդեն տեղեկացրել ենք, որ ռուսական НТВ հեռուստաալիքի «Խոսում և ցուցադրում ենք» հաղորդաշարի հերթական թողարկումը նվիրված էր հայ մեծանուն դերասան Մհեր Մկրտչյանին: Տաղավարում հյուրընկալվել էին նաև դերասանի միակ թոռնուհին՝ Իռեն Տերտերյանը, ով ապրում է Արգենտինայում և փեսան՝ Երևանի պետական կոնսերվատորիայի պրոռեկտոր Ռուբեն Ավետի Տերտերյանը:
Հաղորդման ընթացքում հաղորդավարը փորձեց երկու անգամ կապ հաստատել կինոյի և թատրոնի ռեժիսոր, ՀՀ ժողովրդական արտիստ, Մհեր Մկրտչյանի եղբայր Ալբերտ Մկրտչյանի հետ, սակայն երկու փորձն էլ ձախողվեց, քանի որ Ալբերտ Մկրտչյանը անջատեց հեռախոսը:
ASEKOSE.am-ի թղթակիցը Ալբերտ Մկրտչյանից պարզաբանում է խնդրել. ի պատասխան մեր հարցին՝ նա նշեց, որ չեր ցանկանա մեկնաբանել, բայց, այնուամենայնիվ, հավելեց.
«Այո, ես անջատել եմ, քանի որ չեմ ցանկացել խոսել: Եթե անջատել եմ, նշանակում է՝ նախապատմություն կա: Ինձ համար այդ հաղորդումը զզվելի էր: Առհասարակ չէի ցանկանում շփվել նրանց հետ: Երբ Մոսկվա գնամ, իրենց հետ այնտեղ կխոսեմ»:
Հատկանշական է, որ առաջին զանգից հետո Մհեր Մկրտչյանի փեսան Փեսան պնդեց, որ Ալբերտ Մկրտչյանը չի պատասխանելու:
Նշենք նաև, որ թատերագետ Լևոն Մութաֆյանը ևս հաղորդման մասին իր տեսակետն էր ներկայացրել՝ մասնավորապես նշելով, որ Մհեր Մկրտչյանի մասին իրականությունը խեղաթյուրված է ներկայացվել: Իսկ ինչ վերաբերվում է Ալբերտ Մկրտչյանի կողմից հեռախոսն անջատելուն, ըստ Լևոն Մութաֆյանի.
«Ալբերտ Մկրտչյանը չուզեց խոսել... Ինչու՞... Այս հարցի պատասխանը լավ գիտի Մհեր Մկրտչյանի փեսան, մինչդեռ հաղորդման մեջ Ալբերտ Մկրտչյանի հրաժարումը այլ ենթատեքստ ստացավ... »
Հեղինակ՝ Հասմիկ Գյոզալյան