▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իրականում որքան պետք է լինի ՍԵՌԱԿԱՆ ԱԿՏԻ ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆԸ

Մարդու սեքսուալ գործունեության մեջ մաթեմատիկական, ճշգրիտ մոտեցումները և հաշվարկները հաճախ հակասական կարծիքների բախման են հանգեցնում, քանզի ֆունկցիոնալ երևույթները առավել հաճախ բնութագրվում են սուբյեկտիվ զգացողություններով: Բազմաթիվ սեքսոլոգներ ուսումնասիրել են այս հարցը, քանի որ սեքսոլոգիական պացիենտների կողմից ամենահաճախ ներկայացվող գանգատներից է համարվում, ուստի պետք է տարբերակել, թե որն է նորմա և որը՝ պաթոլոգիա: Կանադացի և ամերիկյան սեքսոլոգների ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ ներհրված առնանդամի հեշտոցում գտնվելու միջին տևողությունը կազմում է 5-7 րոպե, 1-2 րոպեն համարել են խիստ կարճատև, 3-7 րոպեն՝ ադեկվատ, 7-13 րոպեն՝ ցանկալի, 10-30-ը՝ խիստ երկար: Ռուս սեքսոլոգների տեսանկյունից սեռական ակտի միջին տևողությունը 2 րոպե  2 վրկ. է , որի ընթացքում նույնիսկ հաշվել են ֆրիկցիաների (առնանդամի շարժումները)  թիվը՝ այն կազմել է  62: Պետք է ասել, որ ներկայումս սեռական ակտի տևողության խանգարման, վաղաժամ սերմնաժայթքման ախտորոշման համար  առաջնային է համարվում, եթե անհատը չի կարողանում ղեկավարել սեռական ակտի տևողությունը, սերմնաժայթքումը տեղի է ունենում ներհրման պահին կամ անմիջապես դրանից հետո՝ ավելի վաղ, քան ցանկանում էր: Սա կարող է խոչընդոտել զույգերի փսիխոսեքսուալ բավարարության ստանալուն, ինչը կարող է տղամարդու մոտ արտահայտված մտավախություն առաջացնել՝ հետագա սեռական կյանքի ժամանակ երևույթի կրկնման ասպեկտով:

Հաճախ վաղաժամ սերմնաժայթքում դիտվում է նոր զուգընկերուհու հետ կենակցելիս, երբ նա շատ գեղեցիկ է և տղամարդը երկար սպասել էր այդ օրվան (ուժեղ սեռական գրգռման պատճառով), երկարատև աբստինենտ (սեռական կյանքի դադարներ) շրջանից հետո, ամուսնական միջանձնային լարված փոխհարաբերությունների, տագնապային տրամադրության, դեպրեսիայի և որոշակի մեղքի զգացողության ժամանակ: Մեծ դերակատարություն ունեն նաև սոցիալական գործոնները՝ ֆինանսական խնդիրները, որոնք որոշակի ընկճվածության պատճառ են հանդիսանում, և տղամարդը կորցնում է ինքնավստահությունը: Ապացուցված է, որ տղամարդը սերմնաժայթքման տևողությունը առավել հաճախ չի կարողանում կառավարել, երբ  կնոջ դաշտանային ցիկլի բեղմնավորման համար բարենպաստ օրերն են (կարծում եմ՝ սրանով է պայմանավորված ընդհատված սեռական հարաբերության միջոցով բեղմնականխման մեթոդի ոչ արդյունավետությունը ):

Զույգերի միջանձնային հարաբերությունները մեծ ազդեցություն են  թողնում սեռական ֆունկցիայի վրա, սեռական ակտի տևողության խանգարումները կարող են առաջանալ ամուսինների միջև ոչ բավարար հաղորդակցման և շփման, չլուծված ներքին կոնֆլիկտների ժամանակ: Ուստի ներդաշնակ, փոխադարձ սիրո վրա հիմնված և ռեգուլյար սեռական կյանքը սեռական խանգարումների կանխման լավագույն միջոցն է:

 

Հեղինակ` ՍԵՎԱԴԱ ՀԱԿՈԲՅԱՆ

sexology.am

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее