Վերջին տարիներին մեր քաղաքացիները սկսել են հաճախակի բողոքել գյուղմթերքի՝ հատկապես լոլիկի եւ վարունգի համից ու հոտից: «Ժողովուրդ»-ը պարբերաբար ահազանգեր է ստանում քաղաքացիներից, ովքեր պնդում են, որ տեղական շուկայում իրացվող լոլիկի մեծ մասն արհեստականորեն կարմրեցված է: Նշենք, որ ՀՀ-ում գործող թունաքիմիկատների վաճառքի կետերում ազատ վաճառվում են այնպիսի նյութեր, որոնք հնարավորություն են տալիս գյուղմթերքի աճն արագացնել: Վերջին շրջանում հայ գյուղատնտեսները եւս ակտիվորեն սկսել են կիրառել այդպիսի հավելանյութեր:
Այն, որ այսօր տեղական շուկայում ոչ միայն լոլիկը, այլեւ վարունգը արագացված մեթոդներով են աճեցվում, արդեն հայտնի փաստ է: Փոխարենը անհայտ է՝ արդյոք այդ ամբողջ գործընթացը վերահսկվում է պատկան կառույցների կողմից: Նշենք, որ տեղական շուկայում վաճառվում են տարբեր պայմաններում աճեցված լոլիկի բազմաթիվ սորտերի պտուղներ, որոնք իրարից տարբերվում են ոչ միայն ձեւով, չափերով, ամրությամբ, այլեւ պտղի գունավորմամբ:
Մի կողմից՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը քաղաքացիներին հավաստիացնում է, որ լոլիկի պտղամսի կանաչ ու դեղին բծերը պայմանավորված չեն բույսերի մշակության ընթացքում արհեստական հավելումների կիրառմամբ, մյուս կողմից՝ «Ժողովուրդ»-ը քաղաքացիներից ահազանգեր է ստանում այն մասին, որ տեղեկան շուկայում իրացվող լոլիկը թեեւ արտաքինից կարմիր է, բայց ներսից կանաչ է ու խակ:
Այս թեմայի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց նաեւ «Իրազեկ եւ պաշտպանված սպառող» ՀԿ-ի նախագահ Բաբկեն Պիպոյանի հետ, ով ասաց. «Եթե համացանցում փնտրեք, ապա կհանդիպեք բազմաթիվ հայտարարությունների, որտեղ գովազդվում են գույն տվող նյութերը: Դրանք օգտագործելուց հետո կանաչ լոլիկն անմիջապես կարմրում է: Դա հաստատող տեսանյութեր էլ կան: Բայց թե մեր ներքին շուկայում արդյո՞ք իրացվում է կարմրեցված լոլիկ, ես ինքս ինձ թույլ չեմ տա նման գնահատական տալ: Կարող եմ միայն ասել, որ մեր գյուղմթերքի շուկայում բազմաթիվ խնդիրներ կան: Այն, որ տեղական արտադրանքը շուտ չեն կարմրացնի մեր անհամբեր գյուղացիները, այստեղ երկրորդ կարծիք չկա: Բայց այն, որ տեղական շուկայում նույն գծի վրա վաճառվում է ե՛ւ թուրքական, ե՛ւ տեղական լոլիկը կամ վարունգը, դա բոլորիս է հայտնի: Սակայն այստեղ տարբերակում դրված չէ, վերահսկողություն չկա: Արդեն այն, որ տեղական ու թուրքական գյուղմթերքը դրված են իրար կողքի, եւ մենք՝ սպառողներս, չենք կարողանում դրանք տարբերակել, ցույց է տալիս, թե վերահսկողությունը ինչ մակարդակի վրա է»:
Իսկ ՀՀ ագրագյուղացիական միավորում ՀԿ-ի նախագահ Հրաչ Բերբերյանը «ժողովուրդ»-ին շտապեց տեղեկացնել, որ արհեստականորեն կարմրեցված լոլիկը չի կարող վտանգել մարդու առողջությունը: «Դրանք ընդամենը հիբրիդներ են: Չեմ կարծում, որ դա վտանգավոր է, ուղղակի վաղ հասունացնելու խնդիր կա: Դրանք խթանիչներ են, որոնք մարդու առողջությանը չեն վնասի: Այդ նյութն ուղղակի արագ հասունացնում է, բայց համային հատկանիշները չի փոխում»:
Ուշագրավ այլ նյութեր «Ժողովուրդ» թերթում