«Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած Արմեն Փամբուխչյանին Երեւանի ավագանու ցուցակում ընդգրկելով, ապա քաղաքապետի առաջին տեղակալի կարգավիճակ շնորհելով Նիկոլ Փաշինյանը նրան դիտարկում էր որպես պահուստային թեկնածու` այլընտրանք Տիգրան Ավինյանին, որպեսզի պատեհ պահին Երեւանի քաղաքապետի իր նախընտրելի թեկնածուն ունենա ՔՊ-ն, եւ չկրկնվի Հայկ Մարությանի ժամանակ կատարվածը, երբ ավագանու կազմում չկար գեթ մեկը, ումով կփոխարինեին Հայկոյին, սակայն մեր աղբյուրները վստահեցնում են, որ Փամբուխչյանի թեման այլեւս փակված է․ նրա հոր վարկերի հետ կապված սկանդալային պատմությունից հետո համարում են, որ նա այնքան է վարկաբեկված, որ չի կարելի քաղաքապետ նշանակել: Անգամ եթե համարեն, որ Փամբուխչյանը գործից «գլուխ կհանի»:
Եվ, առհասարակ, Նիկոլ Փաշինյանը բավականին հիասթափված է Փամբից, ինչպես նրան թիմում են անվանում, որովհետեւ ինքնուրույն միավոր չեղավ, չդարձավ Ավինյանին վերահսկող աչք, այլ «մտավ» նրա «տակ»։ Հիշեցնենք․ ամիսներ առաջ մամուլը բացահայտեց, որ Արմեն Փամբուխչյանի 71-ամյա թոշակառու հայրը՝ Սոկրատ Փամբուխչյանը, Ամերիաբանկից ստացել է 1,5 մլրդ դրամի վարկ եւ 40 հեկտար հող է գնել` արտոնյալ պայմաններով։
Նշված վարկը տարեց թոշակառուին տրամադրվել է այն պատճառով, որ բեռնափոխադրմամբ զբաղվող «Սպայկա» ընկերությունը բանկում հանդես է եկել որպես երաշխավոր։
Այդուհանդերձ, սա չի նշանակում, որ Փաշինյանը հրաժարվել է Ավինյանից ազատվելու մտքից: Նրան փոխարինողի նոր անուն է շրջանառվում, ի դեմս ավագանու անդամ Վլադիմիր Կիրակոսյանի։ Սակայն Փաշինյանը «Ավինյան սիրուն չի» օպերացիան, ամենայն հավանականությամբ, կիրականացնի ընտրություններից անմիջապես առաջ՝ փորձելով քաղաքական դիվիդենտներ շահել»: