▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչքա՜ն պետք է անամոթ լինի իշխանությունը. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթի խմբագրականն` ամբողջությամբ.

«Ընդդիմության թուլացումն ու հասարակության անտարբերությունն ուղղակիորեն ազդում են իշխանության որակի ու պահվածքի վրա: Եվ դա նկատելի է ամենուրեք: Իշխանավորների ինքնավստահությունն ու ցինիզմն օրեցօր աճում են, նրանք ավելի ու ավելի անամոթ, իրենց գործողություններում ավելի համարձակ են դառնում: Թվում է՝ ուրիշ ի՞նչ պետք է անեն հայտնի մարզպետն ու իր կրիմինալ որդին, որ զրկվեն իշխանական կերակրատաշտից, հայտնվեն ճաղերի ետևում, պատասխան տան իրենց հանցագործությունների համար: Բայց՝ ոչ, նրանց «հաղթարշավը» շարունակվում է, հերթական զոհերն էլ հիվանդանոցում են: Թվում է՝ ինչքա՜ն պետք է անամոթ լինի իշխանությունը, որ յուրաքանչյուր ազատվող աթոռին փորձի նստեցնել սեփական զավակներին կամ իր հետ արյունակցական և այլ սերտ կապեր ունեցող անձանց:

 

Օրենքը, անշուշտ, չի արգելում վարչապետի որդուն՝ մասնակցելու որևէ համայնքի, այդ թվում՝ Արտաշատի քաղաքապետի թափուր պաշտոնի համար կազմակերպվելիք ընտրություններին, բայց տարրական պարկեշտությունը պահանջում է, որ Աբրահամյանները բավարարվեն վարչապետական աթոռով և իրենց ընտանեկան բիզնես–գործունեությամբ: Սակայն այս չափանիշները Հայաստանի համար չեն: Մեզանում իշխանությունն անամոթ է, ագահ, առանց արգելակների ու խղճի խայթի: Ընդ որում, այս «սերնդափոխությունը» համակել է բոլոր համակարգերին: Անգամ մշակույթի ոլորտում, որտեղ ավանդաբար մտավորական բարքեր են տիրել, սկսել են բարեկամ-մտերիմներին պաշտոնների նշանակել. երեկ տեղեկացանք, որ Պատմության թանգարանի տնօրենն էլ իր պաշտոնը եղբորորդուն է փոխանցել: Ցավալի է 2015 թվականին արձանագրել, որ մենք չկարողացանք դեմոկրատական, մրցակցային, ազատ երկիր կառուցել, այլ կամաց գլորվեցինք դեպի ֆեոդալական ասիականության գիրկը»,–գրում է թերթը։

 

Ուշագրավ այլ նյութեր` «Հրապարակ» թերթում

Լուսանկարում` «Հրապարակ»-ի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանն է


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ далее