Լրագրող Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ինչպիսի՞ ապօրինություններ են լինում պարեկային ծառայությունում․
Ոստիկանության մեջ արմատական փոփոխություն բերած Նիկոլ Փաշինյանի հորինած պարեկային ծառայության մասին ամենատարբեր լեգենդներ են տարածում, թե ամենաարդար ու երբեք ապօրինություն չանող ծառայողներ են։ Ընդունված խոսք է՝ այն ինչ շատ է ասվում, իրականության տեղ ընդունվում է։
Պարեկների մեջ, իհարկե, կան շատ կարգին մարդիկ, որոնք օգնում են վարորդներին, ծառայում օրենքի սահմաններում, բայց կան նաև սրիկաներ ու բացահայտ անօրեն արարքներ թույլ տվող պարեկներ, որոնց նկատմամբ Հայաստանի իշխանության աչքը միշտ կույր է։
Այդպիսի մի բացահայտ ապօրինություն պարեկները իմ նկատմամբ էին արել, ու ինչպես միշտ, ես հասա դրա բացահայտմանը և ներկայացնում եմ հրապարակային կերպով՝ անուններով հանդերձ։
2022թ․ հուլիսի 12-ին Երևանի Կոմիտասի պողոտայում պարեկային մեքենան կանգնեցրեց իմ մեքենան, և պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկ, ոստիկանության լեյտենանտ ոմն Հովհաննես Դավթյանը սկսեց մեղադրանքներ հնչեցնել, թե իբր խոսել եմ հեռախոսով ու նման բաներ։
Քանի որ այդ պահին իրականում չէի խոսել հեռախոսով, հստակ ասացի, որ գոնե այդ պահին չի եղել նման բան։ Պարեկը շարունակեց պնդել ու միաժամանակ առաջարկել գալ ընդհանուր հայտարարի։ Ասացի, որ եթե ակտ են գրելու, չեմ ստորագրի։
Պարեկը գրեց ակտը և հեռացավ առանց իմ ստորագրության։ Անցան շաբաթներ, օնլայն համակարգով տեղեկացա, որ իմ անվան դիմաց գրված է՝ գծի հատում, հեռախոսով խոսել ու այլ բազմաթիվ մահացու մեղադրանքներ։
Բողոքարկեցի ոստիկանության որոշումը։
Վերջերս ստացել եմ ծառայողական վարույթի որոշումը՝ պարեկային ծառայության պետ, ոստիկանության գնդապետ Ումրշատյանի ստորագրությամբ։
Պարզվում է, պարեկային ոստիկան, լեյտենանտ Հովհաննես Դավթյանը օրենքի մի քանի կոպտագույն խախտումներ է արել։ Մասնավորապես, ոստիկանն ինքը չի ստորագրել իր կազմած ակտը և այդպես ներկայացրել համակարգ, ինչն էլ ընդունվել է և վարորդի նկատմամբ տուգանք նշանակվել։
Ոստիկանը խախտել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի (ՎԻՎՕ) 255-րդ և 281-րդ հոդվածները, հետևաբար հարուցված գործը բեկանվել է, Նաիրի Հոխիկյանը արդարացվել է։
Ես տեղյակ չեմ, օրինախախտ լեյտենանտ ոստիկանի նկատմամբ գոնե ձևական որևէ պատժամիջոց կիրառվե՞լ է, թե՞ ոչ, բայց կարևոր է իմանալ, որ պարեկային ծառայությունը հրեշտակների ու անթերի ոստիկանների հավաքածու չէ։
Որպեսզի այնտեղ գործի ընդունեն ոչ թե դպրոցն ավարտած ու բարձրագույն կրթություն չունեցող պատանիներին, այլ գոնե իրավաբանական գիտելիքներ ունեցող ու բարձրագույն որևէ կրթությամբ մարդկանց, նախ մենք՝ հանրությունը պետք է խիստ լինի ոստիկանական համակարգի նկատմամբ։
Մի վախեցեք ոստիկաններից։ Որքան նրանք իրավունքներ ունեն, նույնքան էլ մենք ունենք մեր իրավունքները»։
|