▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչպես էր Իսպանիայի թագավորը ջանքեր գործադրում Դանիել Վարուժանին փրկելու ուղղությամբ

 

Վերջերս Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնը հրապարակել էր որոշ փաստաթղթեր, ըստ որոնց` Իսպանիայի թագավոր Ալֆոնսո 13-րդը փորձել էր փրկել 1915 թ. ապրիլի 24-ին ձերբակալված հայ մտավորականության որոշ ներկայացուցիչների: Քանի որ այդ վավերագրերը մեծ հետաքրքրություն առաջացրեցին գիտնականների և ընդհանրապես ընթերցողների շրջանում, հրապարակում ենք 1916 թ. մայիսին Օսմանյան կայսրությունում Իսպանիայի ներկայացուցչի պաշտոնական նամակը` ուղղված տվյալ ժամանակաշրջանում Թուրքիայի արտգործնախարար Հալիլ Մենթեշեին: Ինչպես երևում է նամակից, Իսպանիայի թագավորը 1916 թ. դեռևս տեղյակ չէր, որ Դանիել Վարուժանը և մյուս հայ մտավորականներն արդեն սպանված էին օսմանյան իշխանությունների հրամանով, և դեռ հույսեր էր փայփայում նրանց փրկելու ուղղությամբ:
Փաստաթուղթը Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնին է տրամադրել այն օսմանյան արխիվում հայտնաբերած ամերիկաբնակ պոլսահայ Գևորգ Հակոբյանը, իսկ ֆրանսերենից հայերեն թարգմանել կենտրոնի թուրքերեն բաժնի պատասխանատու Մելինե Անումյանը:
«10-ը մայիսի, 1916 թ.
Թուրքիայում Իսպանիայի ներկայացուցչություն

Պարո՛ն նախարար,

Ընթացիկ ամսվա 1-ին և 8-ին պատիվ ունեցա հանդիպումներ ունենալ Ձերդ գերազանցության հետ: Այդ հանդիպումներում քննարկված այն մի քանի հայերի թեմայի առումով, հայեր, որոնց ազատ արձակումը խնդրվել էր Նորին մեծություն տիրակալիս կողմից, Ձեր թույլտվությամբ ցանկանում եմ հավելել, որ Դանիել Վարուժան անվամբ հիշատակված անձը կրում է Դանիել Չպուգքյարյան անունը, և որ Վարուժան անունը, որով նա հայտնի է, իրականում նրա գրական կեղծանունն է:

Իմ ունեցած տեղեկությունների համաձայն` վերոհիշյալ անձը ձերբակալվել է 1915 թ. ապրիլի 11/24-ին, և մյուս բանտարկյալների հետ միասին ուղարկվել Չանքըրը, որտեղ նա մնացել է առնվազն մինչև նույն տարվա օգոստոսի 7/20-ը, իսկ այնտեղից էլ հավանաբար ուղարկվել է Այաշ:

Շտապում եմ Ձեր գերազանցությանը հայտնել այն, ինչ տեղի է ունեցել մինչ այժմ, քանի որ ցանկանում եմ դյուրացնել նրա որոնումը, որը հրահանգվել է օսմանյան կառավարության կողմից, և օգտվելով առիթից` տեղեկացնում եմ, որ քիչ առաջ նոր հրահանգներ եմ ստացել, ըստ որոնց` ակտիվացնելու եմ քայլերս` վերոնշյալ անձանց խնդրի ուղղությամբ:

Կանխավ իմ երախտագիտությունն եմ հայտնում Ձերդ գերազանցությանը` վերոհիշյալ որոնումների արդյունքի մասին առաջիկայում ինձ տեղեկացնելու համար, որպեսզի ես հնարավորություն ունենամ հնարավորինս շտապ պատասխանել Նորին մեծություն Իսպանիայի թագավորին:
Պարոն նախարար, ընդունեք խնդրեմ խորին հարգանքներիս հավաստիքը»:
Ֆրանսերենից թարգմանեց Մելինե Անումյանը
Աղբյուր՝ Akunq.net
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее