▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչպես են կրակում նահանջող ադրբեջանցի զինվորների ուղղությամբ

«Համացանցում հայտնվել է տեսանյութ, որում երևում է, թե ինչպես են ադրբեջանցի զինվորականները կրակում նահանջող ադրբեջանցի զինվորներ վրա»-նման բովանդակությամբ նյութ տեղ էր գտել նաև մեր կայքում,   ինչի համար հայցում ենք մեր ընթերցողների ներողամտությունը, քանի որ այն ֆեյք նյութ էր: Տեսանյութից հետո կարող եք կարդալ media.am-ի հոդվածն այս առիթով:

...

Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում ընթացող քառօրյա մարտերի համատեքստում երեկ Ֆեյսբուք սոցիալական ցանցում մի տեսանյութ տարածվեց, որում ինչ-որ զինվորականներ էին վազում, գոռգռում ու կրակում: Այդ տեսանյութն ուղեկցվում էր մեկնաբանությամբ՝ իբրև ադրբեջանցի զինվորները կրակում են վերջին օրերի ռազմական բախման ժամանակ նահանջող իրենց զինվորների ուղղությամբ:

Տեսանյութը հայտնվեց որոշ ինտերնետային կայքերի և հեռուստաընկերությունների ուշադրության կենտրոնում, որոնք վերահրապարակեցին այն՝ ավելացնելով սեփական մեկնաբանությունները:

«Այսինքն, այս տեսագրությունը ապացույցն է ՀՀ և Արցախի պաշտպանական գերատեսչությունների տարածած տեղեկությունների, որ ադրբեջանցիները իրենց խուճապահար փախչող զինվորներին ստիպողաբար են մարտի մղում և կրակում են նահանջողների թիկունքից»,- գրել էր «Հայկական ժամանակ» օրաթերթի ինտերնետային տարբերակը՝ Armtimes.com-ը:

«Հայաստանի պաշտպանության նախարարի խոսնակի հաղորդագրության համաձայն՝ Մատաղիսի հատվածում իրենց դիրքերի մերձակայքերից ու միջանկյալ հատվածներից ադրբեջանցիները փորձել են հանել իրենց իսկ արգելափակող ջոկատների ոչնչացրած ադրբեջանցի զինվորների դիակները: Արծրուն Հովհաննիսյանի տվյալով՝ արգելափակող ջոկատները երկու անգամ թիկունքից գնդակահարել են սեփական զորքերին, որոնք հայկական ստորաբաժանումների ճնշման տակ լքում էին դիրքերը: Սոցցանցերում տարածվել են կադրեր, որտեղ երևում են աղմուկ-աղաղակով փախչող ադրբեջանցիներն, ու հնչում անկազմակերպ կրակոցներ, ինչից կարելի է ենթադրել, որ դրանք հենց արգելափակիչ ջոկատներին բախվելու դրվագներն են»,- մեկնաբանեց Առաջին լրատվականի հաղորդավարը:

«Եվ՝ տեսանյութ, թե ինչպես են ադրբեջանցիները խուճապահար փախչում հայկական կողմի հարվածներից: Այստեղ դուք կլսեք թշնամու լեզվով բառեր, ես դրանք, բնականաբար, չեմ արտաբերի, բայց կասեմ՝ թարգմանաբար ինչ է նշանակում. «Խփե՛ք, խփե՛ք, հետևից խփեք»,- մեկնաբանեց «հ2»-ի «Լրաբերի» հաղորդավարը:

Բջջային հեռախոսով՝ ցածր որակով նկարահանված տեսանյութում իսկապես զինվորներ էին, որոնք վազում էին ու գոռում, հնչնում էին նաև կրակոցներ: Media.am-ը որոշեց ստուգել՝ արդյոք տարածված վիդեոն իսկապես կապ ունի վերջին օրերի սահմանային լարվածության հետ: Քանի որ այն վերբեռնված էր անմիջապես Ֆեյսբուքում, և ներբեռնման հնարավորություն չկար՝ ըստ տեսանյութի որոնում կատարելու, մենք՝

  • screenshot արեցինք այն,
  • փորձեցինք ստացված լուսանկարները որոնել Գուգլի միջոցով (Images.google.com):

Պարզվեց, որ տեսանյութը պատկերում է թուրք-քրդական բախումները: Այն նկարահանվել է 2015 թվականի օգոստոսին, արևելյան Թուրքիայի Վարդո գավառակում, որի հիմնական բնակիչներն այժմ քրդեր են: Հետևաբար, վերջին օրերի ղարաբաղա-ադրբեջանական մարտերի հետ այն որևէ առնչություն չուներ:

Այնուհետև Media.am-ը փորձեց պարզել, թե ինչ լեզվով են խոսում զինվորները և թուրքագետներից մեկին խնդրեց թարգմանել տեսանյութում հնչած խոսքը: Տեսանյութում հնչում է ոչ թե ադրբեջաներեն, այլ թուրքերեն: Զինվորները գոռում են ոչ թե «Խփե՛ք, խփե՛ք, հետևից խփեք», ինչպես մեկնաբանել էր «հ2»-ը, այլ «Հետ եկեք, հետ եկեք»՝ զգուշացնելով, որ զինվորները կարող են կրակի տակ հայտնվել:

Եթե տեսանյութը վերբեռնված լիներ YouTube-ում, դրա վաղեմությունը կարելի կլիներ ստուգել նաև Amnesty Internetional-ի ստեղծած գործիքով՝ YouTube Data Viewer-ով: Այն հնարավորություն կտար գտնելու բնօրինակը և վերբեռնման հստակ ամսաթիվը:

Մոլորեցնող կամ կեղծ տեսանյութերն ու լուսանկարները մեծ տարածում են ստանում ցանկացած խոշոր (հիմնականում ողբերգական, աղետային իրավիճակում), հատկապես արագ զարգացող իրադարձությունների ժամանակ: Դրանք սկզբում տարածվում են սոցիալական մեդիայում, հետո հայտնվում հեղինակավոր լրատվամիջոցներում, որոնք` հրապարակելով դրանք, լսարանի մոտ վստահություն են ձևավորում, թե տեսանյութը կամ լուսանկարը համապատասխանում են իրականությանը: 

Չստուգված, չճշտված տեղեկություն, լուսանկար կամ տեսանյութ հրապարակելով՝ մեդիան ոչ միայն կասկածի տակ է դնում լսարանի վստահությունն ու իր աշխատանքի նկատմամբ արժանահավատությունը, այլև արժեզրկում է պատասխանատվությամբ լուսաբանած և բարեխղճորեն պատրաստած նախորդ հոդվածներն ու ռեպորտաժները:

Հեղինակ՝ Աննա Բարսեղյան

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее