▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչո՞ւ թուրքերին հաջողվեց բնաջնջել հայերին, բայց հրեաներին` ոչ. Մաս 2-րդ

Ինչո՞ւ թուրքերին հաջողվեց բնաջնջել հայերին, բայց հրեաներին` ոչ (մաս 2-րդ. Առաջին մասը կարդալ այս հղումով)

 

Հարութ Սասունյան       

www.TheCaliforniaCourier.com

 

Սա նախորդ ամսվա իմ հոդվածի երկրորդ և վերջին մասն է, որտեղ վերլուծել էի, թե ինչու երիտթուրքերը կարողացան ոչնչացնել հայերին, սակայն չկարողացան իրագործել Պաղեստինի հրեա ներգաղթողներին բնաջնջելու իրենց միաժամանակյա ծրագիրը:

 

1917 թվականի մայիսի 9-ին «Ռոյթերս» գործակալությունը տարածեց ներգաղթող Ահարոն Ահարոնսոնի հետևյալ մամլո հաղորդագրությունը. «հրաման է տրվել 48 ժամվա ընթացքում արտաքսել բոլոր հրեաներին Թել Ավիվից, այդ թվում՝ Կենտրոնական տերությունների [Գերմանիայի և Ավստրո-Հունգարիայի] քաղաքացիներին: Մի շաբաթ առաջ 300 հրեաներ վտարվել են Երուսաղեմից: Ջեմալ փաշան հայտարարել է, որ նրանց ճակատագիրը կլինի հայերի ճակատագրի նման: Թել Ավիվից ութ հազար բռնագաղթվածներին թույլ չեն տվել որևէ մթերք վերցնել իրենց հետ, իսկ վտարումից հետո նրանց տները թալանվել են բեդուինների (քոչվոր արաբներ) ամբոխների կողմից»:

 

Շատ չանցած, Գերմանիայի խորհրդարանի հրեա պատգամավոր, սոցիալիստ Օսկար Քոհենը խնդրել է կանցլերին ճնշում գործադրել թուրքական կառավարության վրա՝ «վճռականորեն կանխելու Պաղեստինում վայրագությունների կրկնությունը» հրեաների դեմ, նման այն վայրագություններին, որոնք իրականացվել էին հայերի դեմ:

 

Հունիսի 8-ին Ահարոնսոնը գրել է իր օրագրում. «Մեր բարձրացրած աղմուկը արդյունավետ եղավ: Թուրքերը և գերմանացիները արագ հասկացան, որ հրեաներին չի կարելի կոտորել այնպես, ինչպես հայերին: Գերմանիայի կողմից պատերազմի ֆինանսավորումը կարող է տուժել հրեաների պատճառով: Հետևաբար, նրանք դադարեցրեցին նոր տեղահանությունները»:

 

Բրիտանական սիոնիստական շարժման պաշտոնական «Պաղեստին» ամսագիրը նկարագրել է հրեաների և հայերի լոբբիստական կարողությունների միջև եղած էական տարբերությունը. «Գերմանական կառավարությունը գիտի, որ հրեաներին չի կարելի համեմատել հայերի հետ իրենց համաշխարհային հզորության առումով, և հետևաբար հրեաների կշիռը Գերմանիայում տարբերվում է հայերի ունեցած կշռից»:

 

Պաղեստինում հրեական պատմության ականավոր ժամանակագիր Մորդեխայ Բեն-Հիլել Հակոհեն, 1917 թ. մարտի 30-ին գրել է իր օրագրում. «թուրքական կառավարությունը հայերի դեմ գործած իր ոճրագործության պատճառով խայտառակվել էր ամբողջ երկրի աչքում, և թերևս, կառավարությունը կվերանայի հրեաների հետ այդպես վարվելու իր մտադրությունը....»:

 

Պաղեստինում հրեական գյուղատնտեսական բնակավայրերի առաջնորդ Մոշե Սմիլյանսկին հայերի սարսափելի ջարդերի վերաբերյալ լուրերից հետո եկավ հետևյալ եզրակացության. «Ականատեսների վկայությունները խուճապ էին առաջացրել հրեական հանրության շրջանում: Ով գիտի, թե ինչպիսին կլիներ մեր ճակատագիրը, եթե չլինեին Կոնստանդնուպոլսում ամերիկյան ներկայացուցիչ Մորգենթաուն և վախը համաշխարհային մամուլից, որ «վերահսկվում է» հրեաների կողմից»:

 

Յաիր Աուրոնն իր գրքում հայտնում է, որ Պաղեստինում հրեա փախստականների առաջնորդ Մեիր Դիզենգոֆը Առաջին համաշխարհային պատերազմի ողջ ընթացքում «սերտորեն աշխատել է սիոնիստական պատվիրակության հետ Կոստանդնուպոլսում, որը գերմանամետ և թուրքամետ էր: Ըստ Դիզենգոֆի՝ նաև գերազանց հարաբերություններ են եղել Պաղեստինում գերմանական հյուպատոսի հետ.... Հյուպատոսը ծառայել է որպես խողովակ գումար փոխանցելու համար Յիշուվին [հրեական համայնք]՝ Կոստանդնուպոլսում գերմանացի դեսպանի հրամաններով»: Դիզենգոֆը նաև նշել է՝ գերմանացիներն էին, որ աջակցեցին և փրկեցին Յիշուվը: «Այն փաստը, որ Ջեմալ փաշան ավելի կարեկից դարձավ հրեաների հանդեպ, Գերմանիայի շնորհիվ էր»: Դիզենգոֆը վերհիշում է Ջեմալ և Էնվեր փաշաների սպառնալիքներն ուղղված հրեաներին. «Սիոնիստներ, զգուշացե՛ք: Եթե մեզ դեմ լինեք, ապա ձեզ հետ կանենք այն, ինչ արել ենք հայերի հետ»:

 

1917 թվականի հոկտեմբերին, երբ թուրքական իշխանությունները բացահայտեցին հրեական «Նիլի» լրտեսական ցանցը, մի նոր վտանգ կախվեց Պաղեստինում հրեա ներգաղթողների վրա՝ ևս մեկ արդարացում տալով թուրքերին ճնշելու նրանց: Հրեաները վախեցան, որ նման հակաթուրքական ջանքերը կհանգեցնեն ծանր հակաքայլերի, ինչպես կիրառվել էր հայերի դեմ: 1917 թվականի հոկտեմբերի 4-ին Հայֆայի թուրք նահանգապետը հանդիպեց Զիխրոն Յակով գյուղի հրեա ղեկավարների հետ և սպառնաց, որ եթե նրանք չկատարեն իր պահանջները, նրանց հետ նույնը կանի, ինչ արել է հայերի հետ: Նա ասել է, որ ինքը «իր ձեռքերով սպանել է մի քանի հայերի, իսկ նրա զինվորները սպանել են հազարավոր հայերի»: Գալիլեայի հրեական գաղութացման ընկերության ներկայացուցիչ Խաիմ Մարգալիտ-Կալվարիսկին հետևյալ գրառումն է կատարել իր օրագրում. «Ես լուր էի ստացել շատ վստահելի աղբյուրից, որ [թուրքական] բարձր հրամանատարությունը խիստ զայրացած է հրեական բնակավայրերի վրա և նրանք խորհրդակցում են Պաղեստինի բոլոր հրեաների ընդհանուր տեղահանության հնարավորության մասին դեպի Կայսրության [Օսմանյան] ամենահեռավոր մարզերը»: Կալվարիսկին գրի է առել Ջեմալ փաշայի սպառնալից խոսքերը նրա հետ բուռն վեճից հետո. «Աստված օգնական այն մարդկանց, որոնց որդիներն այդ անիծյալ լրտեսներն են: Մենք դաս ենք տվել հայ ժողովրդին նման գործերով և առանց վարանելու նույն քայլերը կձեռնարկենք նաև այս դեպքում»:

 

 

Ականատես լինելով թուրքերի գազանություններին ընդդեմ հայերի, որոնց մեղադրում էին անհնազանդության և ապստամբության մեջ, հրեա ներգաղթողները որոշեցին ամբողջովին հնազանդվել և չբախվել թուրքական իշխանությունների հետ: Պրոֆեսոր Աուրոնը նկատել է, որ «ոչ մի անգամ որևէ հրեա ներգաղթողի կողմից հարձակում չի եղել թուրք զինվորի վրա»: Պաղեստինի գրավումը բրիտանական զորքերի կողմից վերջնականապես փրկեց հրեաներին` կանխելով թուրքական իշխանությունների հետագա վայրագություններն ու ջարդերը:

 

Վերջում, 1.5 միլիոն հայեր ոչնչացվեցին, մինչդեռ Պաղեստինի հրեա ներգաղթողները համեմատաբար քիչ կորուստներ ունեցան: Պատերազմի տարիներին, Պաղեստինի հրեա բնակչությունը 86 հազարից կրճատվեց 55 հազարի: Չնայած այն հանգամանքին, որ հայերը նույնպես իրենց կողմնակիցներն ունեին Եվրոպայում և Միացյալ Նահանգներում, սակայն հրեա ներգաղթողները կրկնակի պաշտպանություն էին վայելում պատերազմի երկու կողմի հզոր պետությունների` արևմտյան երկրների կողմից, այդ թվում` Միացյալ Նահանգների և Գերմանիայի, որ Թուրքիայի ռազմական դաշնակիցն էր: Վահագն Տատրյանն իր «Հայոց ցեղասպանության պատմությունը» գրքում գրում է, որ Թուրքիայում Գերմանիայի դեսպան Հանս Վանգենհայմն ասել է Հենրի Մորգենթաուին. «Ես կօգնեմ սիոնիստներին... սակայն ոչինչ չեմ անի հայերի համար»:

 

Մինչ Գերմանիան փրկում էր Պաղեստինի հրեա նեգաղթողներին, նա աջակցում էր երիտթուրքերի վարչակարգին բնաջնջելու հայերին:

 

 

Թարգմանությունը` Ռուզաննա Ավագյանի

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее