«ՀՀ նախագահը շատ անակնկալ կերպով հայտարարեց, որ ՀՀ-ն ցանկանում է միանալ Մաքսային միությանը՝ և դրանով վերջ դնելով խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրին միանալու հնարավորությանը: 4 օրում կորցրեց 4 տարվա ընթացքում ձեռք բերվածը»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով Հայաստանի` Մաքսային միությանը միանալու և Եվրասիական տնտեսական միության ձևավորման գործընթացում ներգրավվելու մասին` ասաց Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը` հավելելով, որ Արևմուտքն ու ԵՄ-ն այսուհետ այլ աչքով կնայեն Հայաստանին:
«Հայաստանը ներկայումս դիտվում է թույլ, ոչ մրցակցային: Այս որոշումը օգուտ է բերում միայն Ռուսաստանին: Հայաստանը կվճարի իր գինը»:
Ինչ վերաբերում է Մաքսային միությանը միանալու դեպքում ստացվող օգուտներին, ապա Ռիչարդ Կիրակոսյանի խոսքով ակնհայտ է, որ Մաքսային միությունը Հայաստանին տնտեսական օգուտների առումով շատ բան չի առաջարկում: «Երկու ակնհայտ օգուտ ստացող կողմերը կլինեն օլիգարխական համակարգը և կոռուպցիան: Մոսկվայի ոճի ճնշումները տեղ կգտնեն և կմերժեն ԵՄ-ի կողմից առաջարկվող մեծ օգուտները և Հայաստանի մուտքը մեծ շուկա»,-նշեց բանախոսը:
Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրենի խոսքով դեռևս ժամանակ կա ուղղելու այս լուրջ, սխալ քաղաքականությունը, քանի որ ՀՀ նախագահը դեռևս Մոսկվայում որևէ փաստաթուղթ չի ստորագրել:
Անդրադառնալով ռազմական անվտանգությանը` Ռիչարդ Կիրակոսյանն ասաց.
«Ռազմական անվտանգություն իհարկե անհրաժեշտ է ՀՀ համար: Բայց կհիշեցնեմ Շավարշ Քոչարյանի հայտարարությունը. ՀՀ տնտեսական օգուտները գալիս են Եվրոպայից, իսկ ռազմական առումով ՌԴ-ի նշանակությունը մեծ է: Սակայն, փաստ է, որ Հայաստանը Ռուսաստանի միակ վստահելի գործընկերն է այս տարածաշրջանում: Հայաստանը ՀԱՊԿ-ի անդամ է, և տարածաշրջանում միակ երկիրն է, որը ընդունում է ռուսական ռազմաբազաները: Ինչո՞ւ պետք է Հայաստանը ցուցաբերի իր վստահությունը Ռուսաստանի նկատմամբ, երբ իրականում հակառակը պետք է լինի»: