Իրավապահ տարբեր մարմինների կողմից հարուցված քրեական գործերի շրջանակներում միայն հարկային պարտավորությունների մասով հուլիսի 1-ի դրությամբ հաշվարկվել, վերականգնվել է 20 մլրդ 622 մլն դրամի վնաս կամ չվճարված հարկ. այս մասին կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` հիշեցնելով, որ նման արդյունքի են հասել երկու ամսում, ինչը կարևոր ցուցանիշ է:
«Այս ուղղությամբ աշխատանքները պետք է շարունակենք: Մամուլում հրապարակումներ կան, որ բյուջեում այս վերականգնված թիվը չի արտահայտվում, այդտեղ ոչ մի տարօրինակ բան չկա: Հիմա ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը կներկայացնի, թե ինչու այս պահի դրությամբ սա բյուջեում չի արտահայտվում»,- ասաց վարչապետը:
ՊԵԿ նախագահը նշեց, որ օր օրի այդ գումարի չափը փոխվում է, և այս պահի դրությամբ՝ 73 տնտեսվարողների վարքագծի արդյունք է այդ գումարը:
«Մենք կարող ենք այդ գումարը բաժանել 3 մասի՝ 800 միլիոնը մուտքագրվել է բյուջե, 12.7 մլրդ առաջադրվել է գանձման պետբյուջե, իսկ 7 մլրդ գումարն էլ նախնական հաշվարկներ են, որոնք դեռ փոփոխման են ենթակա»,- ասաց Անանյանը:
Փաշինյանն էլ հավելեց, որ, ստացվում է՝ չվճարված հարկն ընկերության ներկայացուցիչները մուտք են արել իրենց իսկ ընկերության հաշվին, որը կալանքի տակ է, այսինքն՝ գտնվում է ԱԱԾ-ի հսկողության ներքո:
Կարդացեք նաև` Շնորհակալություն եմ հայտնում, որ ինձ բարակ գիրք են նվիրել. Նիկոլ Փաշինյանը կատակեց