Հայաստանում «Սամսունգի»-ի պաշտոնական ներկայացուցչության արդեն նախկին ղեկավար Անդրանիկ Շահբազյանը «Առավոտի» հետ զրույցում պարզաբանել է, թե ինչու է համաշխարհային ճանաչում ունեցող «Սամսունգ»-ը հեռանում Հայաստանից:
«Ամեն բան ճիշտ էր գնում մինչեւ 2014 թ.-ի վերջը, երբ «Սամսունգ»-ի գլխավոր ղեկավարության կողմից որոշում կայացվեց ստեղծել անկախ կովկասյան գլխամաս, որը լինելու էր «Սամսունգ»-ի ԱՊՀ տարածքի մեծ գլխամասի մի մասը, եւ որոշվեց, որ այն պետք է լինի Բաքվում»:
«Առավոտի» հարցին, թե «Սամսունգ»-ի հայաստանյան ներկայացուցչությունը զգացե՞լ է խտրական վերաբերմունք, Անդրանիկ Շահբազյանն ասել է. «Մի դեպք պատմեմ: Ստեփանակերտում «Սամսունգ»-ի հետ անուղղակի համագործակցող մի ընկերության, որը վաճառում էր «Սամսունգ»-ի պաշտոնական արտադրանքը, աջակցեցինք վերազինել իր վաճառասրահը: «Սամսունգ»-ի ներկայացուցիչը, որն ազգությամբ կորեացի էր, եկավ, նրան տարանք Ղարաբաղ, տեսավ, իր հավանությունը տվեց, մեծ շուքով բացում արեցինք, մի խոսքով նախագիծը շատ հաջող իրականացրինք: Եւ, երբ արդեն սկսվեցին «Սամսունգ»-ի ղեկավարության՝ Ադրբեջան տեղափոխելու խմորումները, Ադրբեջանի գրասենյակի կորեացի ղեկավարն ասաց, որ «Սամսունգ»-ի այդ ցուցանակը խանութից պետք է հանվի, որովհետեւ ադրբեջանական լրատվամիջոցներում նյութեր են հայտնվել, թե «Սամսունգ»-ը Ստեփանակերտում պաշտոնական ներկայացուցչություն ունի: Ես ասացի, որ ցուցանակը հանել չեմ պատրաստվում: Ես դա իմ նախաձեռնությամբ չեմ արել, առանց տեղյակ պահելու չեմ արել, հավանության արժանացած նախագիծ էր: Դա իմ բարոյական եւ, ընդհանրապես, բիզնեսի սկզբունքներին դեմ է: Եվ դա ապացուցեց այն, որ թեկուզ Բաքվում նստած ղեկավարությունը կորեացի է, բայց երկու կորեացին չեն կարող ներկայացուցչության մնացած հիսուն ադրբեջանցի աշխատակցի լոբինգի ազդեցության տակ չընկնել»:
Մանրամասները և ուշագրավ այլ նյութեր` «Առավոտի» թերթում: