«Հրապարակ» թերթը գրում է. «Երգիչ Արմենչիկին՝ Արմեն Գոնդրաչյանին, ՀՀ վաստակավոր արտիստի կոչում տալն իսկական փոթորիկ է առաջացրել համացանցում։ Յուրաքանչյուրն իր պարտքն է համարում կարծիք հայտնել այս մասին ու մի քանի շերեփ ցեխ շպրտել Արմենչիկի ուղղությամբ։
Կարծես արվեստի գիտակ լինելու, բարձր արվեստը ռաբիզից տարանջատելու բանաձեւն են մարդիկ գտել։ Երբեք չեմ լսել այս երգչին, թերեւս՝ դժվար թե տարբերեմ նրա երգերը մյուսների երգերից։ Գուցե նաեւ դա է պատճառը, որ այս աղմուկն ինձ արհեստածին է թվում եւ ուշադրության ոչ արժանի։
Վստահ եմ՝ շատ ավելի կարեւոր, կենսական հարցեր կան մեզանում, որոնցով արժե հետաքրքրվել, ու որոնք կարող են հուզմունքի պատճառ դառնալ, բայց ոչ՝ մի երգչին վաստակավոր արտիստի հնացած ու իր դարն ապրած կոչում շնորհելը։ Երեկ ԱՄՆ-ից մեզ հետ կապված քաղաքացին որոշ դիտարկումներ արեց այս «կոչումի» առնչությամբ, որոնք արժե հրապարակել։
Ըստ մեր զրուցակցի, այս կոչումը շնորհվել է PR ակցիայի շրջանակներում, որը քննարկվել եւ նախագծվել է Բաղրամյան 26-ում: Նախագահին նման խորհուրդ տվողները մտածել են, որ հարկավոր է սիրաշահել ընդդիմադիր հայացքներ ունեցող, գործող իշխանություններին այնքան էլ չընդունող ամերիկահայ համայնքին, որտեղ երգիչ Արմենչիկը մեծ հեղինակություն է վայելում:
Միեւնույն ժամանակ, խորհուրդ են տվել «վաստակավորի» կոչում տալ նաեւ Ձախ Հարութին, ով եւս ոչ պակաս սիրված է ամերիկահայ համայնքի կողմից: Որոշել են, որ սահմանադրական բարեփոխումների բարդ շրջանում արժե, որ նախագահը նման ժեստ անի՝ ուղղված ամերիկահայ համայնքի տարբեր շերտերին, սակայն, ինչպես տեսանք, նրա PR-շչիկները հերթական անգամ ձախողվել են՝ սխալ հաշվարկելով դեպքերի հաջորդականությունը եւ հայաստանյան հանրության արձագանքը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում