Հանրային Ռադիոյի կայքէջը գրում է․ «Հայաստանի Երրորդ Հանրապետության առաջին արտգործնախարար, Ֆրեզնոյում ծնված Րաֆֆի Հովհաննիսյանը 1991 թվականին խնամքով մի կողմ է դնում Ամերիկյան երազանքն ու Հայաստան է գալիս իր հայկական երազանքի հետևից, այն է՝ մեր երկիրն ու ինքնությունը տեղավորել միջազգային դիվանագիտական քարտեզի վրա:
Մենք շարունակում ենք ամեն չորեքշաբթի Հանրային ռադիոյի տաղավար հրավիրել Երրորդ հանրապետության առաջին դեսպաններին, և նրանց հետ զրուցել արտաքին կապերի ձևավորման զրոյական կետի, գործած սխալների և դրանից բխող հետևությունների մասին:
Այսօրվա հաղորդումից կիմանանք, թե ինչ սկզբունքով էր Րաֆֆի Հովհաննիսյանը ընտրում առաջին դեսպաններին և թե ինչ էր զգում ՄԱԿ-ի ամբիոնից Հայաստանի ինքնիշխանությունը հռչակելիս:
-Առաջին տարվա ընթացքում հիմնականում ես էի արտասահման գնում, էն էլ հայրիկի հաշվին, որովհետև պետությունը չէր կարող: Հիմնական ճամփորդողը ես էի, արդեն այդ ընթացքում, երբ Երևանում նոր նախարարության շենքը սկսեց լիանալ դիվանագետներով, հիմնական վայրը Երևանի ՍԴ-ի շենքն էր և առաջին տարվա ավարտից հետո կարող ենք ասել, երբ Հայաստանը ճանաչված էր և ուներ նվազագույն հնարվորություն աշխարհի հետ շփվելու, նոր սկսեցինք ուղղել մեր դիվանագետներին դեպի աշխարհ:
Խորհրդային Հայաստանից կես մայրցամաք այն կողմ ծնված Րաֆֆի Հովհաննիսյանի համար 1991 թվականին ՀՀ արտաքին գործերի նախարարությունում մեծ դաշտ ստեղծվեց ստեղծարար աշխատանքի համար: Պետք էր դարբնել մի միջազգային գործընթաց, որը կապահովեր Հայաստանին ճանաչելիություն և հնարավություն կտար Արցախին դառնալու դիվանագիտական միավոր: Այս նպատակի համար խելացի և բարեկիրթ կադրեր էին պետք:
-Խելացի բարեկիթ, լավ սկիզբ է, բայց կային նաև մասնագիտական, լեզվի իմացության, բանական արվեստի կիրառման հրամայականները, քանի որ չունեինք դիվանագիտական դպրոց, բայց ունեինք դիվանագետներ, որ ծառայում էին տարբեր երկրների դիվանագիտական ծառայություններին, մի փոքրիկ մաս պատրատ էր ետ վերադառնալ հայրենիք:
Մինչ ուշ գիշեր նախարարության ներսում տարբեր երկրների փորձը հաշվի առնելով մշակվում էր կադրերի հավաքագրման ընթացակարգը. փոքրիկ հանձնաժողով՝ հարցազրույցի համար, գրավոր քննություններ…
Հազարավոր դիմորդներից ընտրվեցին հարյուրն ու կազմեցին Հայաստանն աշխարհին ներկայացնող թիմի մեկնարկային կազմը:
— Ընտրվածների մեծ մասը մնացին Երևանում, սկսեցին կատարել չարքաշ աշխատանք՝ խիստ ղեկավարությամբ, համակարգչային խաղերը արգելվում էին և նաև կազմակերպվում էին ներքին դասընթացներ դիվանագիտական գրագրություն, հարաբերակցության տեսակների և բովանդակային հարցերի մասին: Ունեինք աշխարհագրության մասնագետներ, իրավաբաններ, տնտեսագետներ, բոլոր ուղղությունների ներկայացուցիչներ:
Հավաքված թիմը ֆաքսի միջոցով թակում էր Հյուսիսի, Հարավի, Եվրոպայի, Միացյալ Նահանգների դռներն ու ասում՝ մենք արժանի ենք ճանաչման»:
Շարունակությունն՝ այստեղ