«ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մեծ քաղաքականություն վերադառնալու մասին կանխատեսումները հանգիստ չեն տալիս որոշ շրջանակների: Բոլորն ուշիուշով հետեւում են Քոչարյանի քայլերին ու ելույթներին: Մեզ հասած տեղեկությունների համաձայն, օրերս Ռոբերտ Քոչարյանը հանդիպել է մի քանի լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ, որոնք քաղաքական հայացքներով գտնվում են Քոչարյանի քաղաքական նպատակներին մերձ տարածքում: Ըստ մեր տեղեկությունների, հանդիպմանը ներկա են եղել «Կենտրոն», «Հ2», «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությունների ու «Մեդիամաքս» լրատվական գործակալության ներկայացուցիչները: Մենք փորձեցինք մանրամասներ պարզել Ռոբերտ Քոչարյանի մամուլի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանից, ով մեր թվարկած լրատվամիջոցների անունները լսելով՝ ծիծաղելով արձագանքեց. «Ամբողջական գիտեք, իհարկե, այդպես է…»:
Ի՞նչ նպատակով են լրատվամիջոցների ներկայացուցիչները հանդիպել նախկին նախագահին: Եթե հանդիպումը լիներ գործող նախագահի հետ, գուցե հասկանալի լիներ, բայց Ռ. Քոչարյանի դեպքում տարակուսելի է:
Գիտեք, ես չգիտեմ, թե Ձեզ համար ինչն է անհասկանալի, քանի որ նման հանդիպումներ միշտ եղել են եւ Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիներին, եւ դրանից հետո: Այլ հարց է, որ պաշտոնաթողությունից հետո այդ հանդիպումների պարբերականությունը փոխվել է, այն ավելի մեծ ինտերվալներով է տեղի ունենում, ուղղակի կազմն է հիմա փոքրացել:
Վերջին անգամ ե՞րբ են հանդիպել:
Եթե չեմ սխալվում, մի երկու-երկուսուկես տարի առաջ, ուրիշ մարդիկ էլ են եղել, նույն մարդիկ էլ…
Ուշագրավը հենց կազմն է, ինչո՞ւ են այս լրատվամիջոցներն ընտրվել, եթե պարզապես հանդիպում է, ի՞նչ սկզբունքով է ընտրվել ցանկը:
Ոչ թե լրատվամիջոցներն են ընտրվել, այլ այն լրագրողները, ովքեր առանձին հանդիպում էին խնդրել Ռոբերտ Քոչարյանի հետ, այսինքն՝ նրանք ցանկություն էին հայտնել հանդիպելու, ուղղակի մենք մեկտեղել ենք եւ մեկ օրվա ընթացքում ենք հանդիպել»:
Ուշագրավ այլ հոդվածներ` «Հրապարակ» թերթի այսօրվա համարում