▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչ կլինի Գյումրիում սպանված Ավետիսյանների տան ճակատագիրը.«Ժողովուրդ»

Գյումրիում բնակվող Ավետիսյանների 7 անձից բաղկացած ընտանիքի դաժան սպանդից անցել է արդեն հինգ ամիս: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ այս ընթացքում Ավետիսյանների ընտանիքի հարազատները մտադրություն ունեն այն տունը, որտեղ տեղի է ունեցել ընտանիքի սպանդը, վերածել տուն-թանգարանի: Եւ այս առաջարկով նրանք դիմել են Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանին: Այս հարցերի շուրջ ժողովուրդը զրուցեց Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի հետ:

-Պարո՛ն Բալասանյան, Գյումրիում խոսակցություններ են պտտվում այն մասին, որ առաջիկայում Ավետիսյանների տունը կվերածվի տուն-թանգարանի: Տեղեկությունը համապատասխանո՞ւմ է իրականությանը:

-Ճիշտն ասած, նման առաջարկություններով Ավետիսյանների ընտանիքի հարազատները դիմել են մարզպետ Ֆելիքս Ցոլակյանին, բայց կոնկրետ ինձ հետ այդ մասին չեն խոսել: Ամեն դեպքում, իրենք ինչ պահանջներ ունենում են, մենք անմիջապես դրանք կատարում ենք: Այդպիսի խոսակցություններ կան, Ավետիսյանների ընտանիքի հարազատները ինձ մոտ հաճախակի գնում-գալիս են:

-Կոնկրետ ի՞նչ պահանջներով են Ձեզ դիմում:

-Պահանջեցին իրենց տան պատուհաններին ճաղավանդակներ դնել, դրեցինք: Հիմա այդտեղ ճանապարհի հետ կապված խնդիր կա. հարեւանը պահանջում է, որպեսզի պարիսպ քաշվի այդտեղ: Իրենց հորեղբոր աղջիկ Կարինեն, որ նույն բակում է ապրում, պահանջում է իր տան պատը մի փոքր բարձրացնել, որ հորեղբոր տունը չտեսնի, վատ զգա: Հիմա այս հարցի լուծման ուղղությամբ ենք աշխատում:

-Իսկ Դուք կոնկրետ ի՞նչ եք մտածում այդ տունը տուն-թանգարան վերածելու մասին: 

-Այն տուն-թանգարան դարձնելու մասին որոշումը, հավանաբար, հանրային քննարկման պետք է դրվի, լուրջ պետք է մտածել, որովհետեւ այնտեղ սպանել են մի ամբողջ ընտանիքի՝ 7 մարդու: Բնակարանը որեւէ մեկին պետք չէ, եւ ոչ ոք չի գնի այն: Իհարկե, Ավետիսյանների ընտանիքի հարազատներն ինչ-որ սիմվոլիկ բան ցանկանում են անել: Կքննարկենք: Ամեն դեպքում, մենք իրենց կողքին կանգնած ենք, գիտակցում ենք, թե ինչպիսի ծանր իրավիճակում են գտնվում:  Ամեն ինչ անում ենք, որպեսզի իրենց սրտով լինի:

-Ի՞նչ միջոցներով է կառուցվում Ավետիսյանների ընտանիքի գերեզմանոցը:

-Այն քաղաքային բյուջեի միջոցներով է կառուցվում, եւ ընտանիքի հարազատները մեզ հետ գալիս են ու հետեւում աշխատանքներին: 

-Այնուամենայնիվ, եթե վերջնականապես Ավետիսյանների հարազատները պահանջեն տունը վերածել տուն-թանգարանի, ինչպե՞ս կընդունեք: 

-Ես խուսափում եմ գնահատական տալուց, բայց որպես քաղաքացի՝ կարծում եմ՝ տրամաբանությունից դուրս է այնտեղ, որտեղ մարդիկ են սպանվել, վերածել տուն-թանգարանի: 

 

 

Ուշագրավ այլ նյութեր «Ժողովուրդ»  թերթում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ далее