▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինձ ճիշտ եմ պահել և իմ արվեստը նրանք գնահատել են` Ջիվան Գասպարյան. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը զրուցել է ժողովրդական արտիստ, դուդուկահար Ջիվան Գասպարյանի հետ։ Հատված հարցազրույցից.

«Պարոն Գասպարյան, ես գիտեմ, որ այս տարի Դուք մի քանի հրավեր մերժեցիք Թուրքիայից: Ինչո՞ւ մերժեցիք, հատկապես, որ այս տարի Սերժ Սարգսյանն Էրդողանին հրավիրեց 2015-ի ապրիլի 24-ին այցելել Հայաստան: Արդյոք հարեւանների հետ ինչ-որ կերպ չպե՞տք է սկսել հարաբերվել:

Ես մի փոքր ավելի խորը մտածեցի: Քանի որ քաղաքականության մեջ մտած մարդ չեմ, հնարավոր է՝ իմ գնալը սխալ լիներ, որովհետեւ մենք հիմա փաստորեն պահանջում ենք մեր Եղեռնի 100-ամյակը, ես չկողմնորոշվեցի՝ արդյոք իմ գնալը ճի՞շտ է, թե՞ սխալ: Չնայած դրան՝ թուրք շատ բարեկամներ ունեմ, որոնք համաձայն են, որ իրենց կառավարությունն ընդունի Եղեռնը: Սա էր հիմնական պատճառը, որ մերժեցի, համ էլ ոտքս ցավում էր: Հիմա նորից հրավեր ունեմ՝ նոյեմբերին հրավիրել են Ստամբուլ, Անկարա, որպեսզի սիմֆոնիկ նվագախմբի հետ 40 րոպե նվագեմ՝ իմ ծրագրով, ինչ երգեր ես ցանկանամ նվագել: Հիմա, ճիշտն ասած, մտածում եմ՝ գնա՞մ, թե՞ չգնամ: Դրա համար պիտի քաղաքականությամբ զբաղվող մարդկանց հետ խորհրդակցեմ՝ չսխալվելու համար: Հիմա ում տունը մտնես, քաղաքականությունից են խոսում, բայց շատերը չեն հասկանում: Արվեստը եւ քաղաքականությունը տարբեր բաներ են: Ես իմ ողջ կյանքը զբաղվել եմ արվեստով, քաղաքականությամբ չեմ զբաղվել:

Բայց Ձեր շատ ընկերներ, արվեստի շատ ներկայացուցիչներ այսօր իրենց տեսնում են քաղաքականության մեջ, ո՞րն է դրա պատճառը:

Ես չգիտեմ, իրենց պիտի հարցնեք: Իմ քաղաքականությունը գիտե՞ք որն է. եթե հանկարծ կպնում են մեր ժողովրդին, արդեն աչքիս բան չի երեւում, ես կխոսեմ՝ ինչ պետք է: Օրինակ՝ Անկարայում իրենց Առաջին ալիքով ինձ շատ հարցեր են տվել, Հրանտ Դինքը թարգմանում էր, իմ թարգմանիչն էր: Ես ասացի՝ ինձ հարցեր կտաք արվեստի մասին, որովհետեւ ես չեմ ուզում քաղաքականության մեջ մտնել: Ասացին՝ գիտենք, որ քո պապերը Մուշից են եկել, ի՞նչ կասեք Մուշի մասին: Կամաց-կամաց ինձ ներքաշեցին խոսակցության մեջ: Ասացի՝ Մուշը չեմ տեսել, բայց որ շատ եք ուզում պատմեմ՝ կասեմ: Երբ Մուշը ավիրել են, Թուրքիայի կառավարության հրամանով կոտորել են ժողովրդին: Պապիս թուրք հարեւանը երեխեքին հավաքել-պահել է գոմում, որպեսզի նրանց չսպանեն: Անցել է որոշ ժամանակ, պապս իր երեխաներին վերցրել բերել է Հայաստան: Ուզում եմ ասել, որ եթե ճիշտը մտածես, չկա վատ ազգ, կա վատ մարդ: Ամեն ազգի մեջ կան լավ ու վատ մարդիկ: Հիմա ադրբեջանցիները, թուրքերը մեր հին հարեւաններն են, բայց միշտ մեզ ճնշել են. այդպես է եղել»։

Պարոն Գասպարյան, գաղտնիք չէ, որ խորհրդային տարիներից սկսած՝ իշխանությունների կողքին եք եղել: Ձեր արվեստը եղել է ժողովրդինը, իսկ Դուք եղել եք իշխանությունների կողքին: Հիմա որտե՞ղ եք:

Ինձ այնքան էլ դուր չի գալիս «իշխանությունների կողքին» խոսքը, բայց մենք աշխատում էինք պետական խմբերում եւ աշխատավարձ էինք ստանում: Այսինքն՝ ես կարող էի գնալ ամեն տեղ նվագել, բայց ոչ՝ արտասահմանում: Իրենք պիտի ինձ կանչեին: Ես շատ եմ շրջագայել, 40-50 թվականներից շրջագայում եմ, շուրջ 64 տարի: Այսքան տարիների ընթացքում ես ոչ մի անգամ ֆոնոգրամա չեմ օգտագործել, կենդանի նվագում եմ մինչեւ այսօր: Ինձ հարգել են, որովհետեւ ինձ ճիշտ եմ պահել, ուրիշների գործերին չեմ խառնվել:

Ի՞նչ է նշանակում՝ «ճիշտ եմ պահել»:

Այսինքն՝ իմ աշխատանքից չեմ ուշացել, պարտաճանաչ եմ եղել, իմ արվեստով բարձր եմ գնահատվել: Ես ԽՍՀՄ կողմից այնքան պարգեւատրություններ ունեմ, որ եթե մի մեծ արկղի մեջ լցնեմ, կլցվի: Ես 1947 թվականին Ստալինից ժամացույց եմ նվեր ստացել՝ որպես ինքնագործ խմբում նվագող: Այն ժամանակ ինքնագործն ու պրոֆեսիոնալը տարբեր էին, հիմա նման բան չկա, բոլորն աստղ են. դա է սխալը:
Ինձ միշտ կառավարությունը լավ է գնահատել, այսօր էլ Սերժ Սարգսյանն է լավ գնահատում, Ռոբերտ Քոչարյանը՝ նույնպես: Նրանք լավ են տրամադրված եղել իմ նկատմամբ, ավելի ճիշտ՝ ես ինձ ճիշտ եմ պահել, եւ իմ արվեստը նրանք գնահատել են: Իմ 80-ամյակին աշխարհի տարբեր երկրներից եկել էին, 8 ժամ համերգ էր ընթանում, Սերժ Սարգսյանն ու իր կառավարությունը նստած էին դահլիճում: Բոլորը զարմացել էին, որ նախագահը 8 ժամ կարող է նստել համերգին»:

 

Ուշագրավ այլ հոդվածներ` «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ далее