ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահ, ԲՀԿ-ական պատգամավոր Էլինար Վարդանյանն այսօր Աժ-ում հարց ու պատասխանի ժամանակ անդրադարձավ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի արդեն նախկին ղեկավար Վահե Էլոյանի` աշխատանքից ազատվելու հարցին` նշելով, որ վերջինը պաշտոնից ազատվելու դիմում չի ներկայացրել.
«Ինչպե՞ս կարող է նախարարը կառավարությանը անհիմն որոշում ներկայացնել, ինչո՞վ բացատրել քաղծառայության անգործությունը»:
Պատգամավորի հնչեցած հարցերին պատասխանեց Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, ով և ասաց, որ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարը կներկայացնի կոնկրետ պատասխան:
Էլինար Վարդանյանը պահանջեց տարածել տեսագրություն, թե ինչ հիմքով են աշխատանքից ազատել աշխատակազմի արդեն նախկին ղեկավարին:
Հիշեցնենք, որ կառավարության նախորդ նիստում նորանշանակ նախարար Յուրի Վարդանյանը կառավարությանը խնդրեց որոշում ընդունել իր աշխատակազմի ղեկավարին աշխատանքից ազատելու մասին` ասելով, թե Էլոյանն ինքն է դիմում գրել: