▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ի՞նչ գաղտնիք է բացահայտում Սուրեն Թադևոսյանը

Asekose.am-ի և ՄԵԳԱՊՈԼԻՍ ԱՄՍԱԳՐԻ հարցերին պատասխանում է ռեժիսոր և պրոդյուսեր Սուրեն Թադևոսյանը: 

- Ձեր  մանկության ամենատպավորիչ հիշողությունը:

-Իրականում դրանք շատ են և  գրեթե բոլորը կապված են հորս  հետ: Նա ինձ համար ուղղակի ծնող չէր. նա միշտ եղել է,  կա ու կմնա այն մարդը, ում միշտ ձգտել եմ նմանվել, շատ բաներ  սովորել: Երևի թե, ամենատպավորիչ հիշողություններիցս  մեկը  այն էր, երբ հայրս  հերթական գործուղումից հետո ինձ բերեց այն, ինչ մասին ես ուղղակի երազում էի` «Զենիթ» ֆոտոխցիկ: Այն ժամանակ ես 13 կամ 14 տարեկան էի և վստահ եմ, որ այն  շատ լուրջ դեր խաղաց  ապագա մասնագիտությանս ընտրության հարցում:

- Աշխարհը` ռեժիսոր Սուրեն Թադևոսյանի աչքերով:

-Աշխարհը փոխվում է շատ արագ, անսպասելի ու  անկանխատեսելի...

Ես հիշում եմ, երբ ամբողջ գիշեր հերթ էի կանգնում փողոցում, սառչում, որ առավոտվա կողմ հերթս միգուցե հասներ հացի խանութում և  «չեկ»-ով մեր հասանելիք  հացը (ուղղակի թաց խմոր) առնեի և երջանիկ տանեի տուն: Ես հիշում եմ նաև այն ժամանակները, երբ նոր-նոր  հնարավոր դարձավ դուրս գալ Հայաստանից արտասահման և իմ առաջին այցելության վայրը Սիրիայի հրաշալի Հակլեպ քաղաքն էր:

Սա մեկ 100-րդ մասն է այն ամենից, ինչ ես դեռ հիշում եմ: Փորձում եմ այսօրվա  աշխարհին նայել այսօրվա աչքերով և ապրել ու  ստեղծագործել համապատասխան այսօրվա իրավիճակին: Ժողովրդական լավ ասացվածք կա` «Աստծուց առաջ մի ընկիր»:

-Սուրեն Թադևոսյանը սիրո՞ւմ է խենթություններ անել. կհիշե՞ք ամենավերջինը:

 -Շատ եմ սիրում: Այն աշխատանքին նոր համ ու հոտ է տալիս և  առաջ շարժվելու էներգիա: Կարծում եմ, որ  ժամանակ առ ժամանակ անհրաժեշտ է սահմաններից դուրս մի բան անել: Այդ ժամանակ դու քեզ  կողքից ես նայում, թույլ ես տալիս`  ուրիշները քեզ նայեն «կողքից», ուրիշ հայացքով և շատ բաներ ես գտնում, ինչը քեզ հետո կարող է պետք գալ հիմնական աշխատանքում:

Վերջին խենթություններիցս մեկը. մի օր (Լոս Անջելեսում ապրեու ժամանակ) որոշեցի մենակ գնալ ու շրջել Լոս Անջելեսի  շատ վտանգավոր տեղամասերով: Բավականին լավ  հագնված, թանկ ավտոմեքենայով գնացի մի   այնպիսի տեղ, որտեղ նույնիսկ ոստիկաններ չեն մտնում: Ասեմ` շատ հետաքրքրիր էր. ադրենալին գումարած ինքնավստահության մի ահռելի քանակ:

 

Իմ ֆիլմերի մեջ սխալներ կան: Հենց այդ պատճառով էլ նրանք երկար են ապրում»` իր ֆիլմերի երկարակեցության պատճառը այսպես է մեկնաբանել  տաղանդավոր  ռեժիսոր Արտավազդ Փելեշյանը: Իսկ Ձեր  տեսակետը ֆիլմերի երկարակեցության վերաբեյալ ինչպիսի՞ն է:

 -Բնականաբար վարպետի ասածի մեջ շատ խորը իմաստ կա: Իրենից լավ, իհարկե, դժվար է ասել:

Ես շատ երկար կարող եմ խոսել այդ թեմայի շուրջ, բայց  կարճ կասեմ`  այն, ինչի մեջ 1000% -ով վստահ եմ: Ցանկացած ֆիլմի երկարաժամկետ լինելը կամ հաջողությունը  կախված է  իր մեջի սիրո պատմությունից:

-   Ո՞րն է  Սուրեն Թադևոսյանի հաջողության հասնելու բանալին:

 -Անկեղծությունը: Չգիտեմ` ինչքանով եմ  ես այդ հաջողությանը հասել մինչ հիմա, բայց փորձում եմ  անկեղծ լինել: Բոլորի հետ` թե՛ հեռուստադիտողի, թե՛ աշխատակազմի, թե՛, ամենակարևորը, ինքս ինձ հետ:

 

- Նակամուրան իր ստեղծագործություններից մեկում  գրում է` «Դատարկությունը նույնիսկ տեսնել հնարավոր չէ»: Դուք ինչպե՞ս կմեկնաբանեք դատարկությունը և երբևէ «հայտնվե՞լ եք դրանում»:

 - Ինձ  համար դատարկությունը այն շրջանն է, երբ ես ինչ-որ նոր նախագծի վրա չեմ աշխատու: Բացեմ մի գաղտնիք` իմ ստեղծագործական վիճակը կախված է, թե ինչ է կատարվում իմ անձնական կյանքում տվյալ պահին. երբ անձնականում դատարկություն է, ստեղծագործականը հավասարվում է զրոյի:  Եթե ես կյանքում ինչ-որ բան արել եմ, դա միշտ եղել է անձնականում ոգևորության ժամանակ:

Հուսով եմ` շուտով մի արժեքավոր բան կստեղծեմ:

 -Աշխարհը կործանումից  կկանխեն....:

-Ազատությունը և սերը: Ուրիշ` ոչինչ...

-Ի՞ նչ ասեկոսեներ եք լսել Ձեր մասին, որոնք զայրացրել և զվարճացրել են Ձեզ:

-Ես միշտ անկեղծ  զարմացել եմ իմ նկատմամբ այդքան ուշադրության ու ասեկոսեների  քանակի վրա:

Մի ժամանակ, երբ КВН-ի  կազմում էի ելույթ ունենում Մոսկվայում, երբ բոլորը  մեզ էին  դիտում  ու  սիրում, այդ  ժամանակ  էլ կային ասեկոսեներ, բայց նրանք հիմնականում մի թեմայով էին. մեր թիմի այս կամ այն անդամը իբր  մահացել է: Ինձ, ինչքան հիշում եմ,  երկու  անգամ են թաղել: Հիմա ասեկոսեները  ավելի անձնական բնույթ են կրում  և  շատ ավելի անդուր են, չնայած նրան, որ հիմա  ինձ ոչ մեկ չի թաղում:

-Ինչի՞ց եք ամենաշատը նյարդայնանում, ինչի՞ց` ուրախանում:

- Նյարդայնանում եմ, երբ ստում են, երբ չեն կարողանում իրենց  խոսքի տերը  լինել, երբ զբաղվում են  այն գործով, որը իրականում իրենց հետ ընդհանրապես կապ չունի, երբ մոռանում են իրենց անցյալը և մարդկանց, ովքեր իրենց կայանալու համար ջանքեր չեն խնայել: Իրականում շատ բաներից եմ նյարդայնանում, ինչը  իմ բազմաթիվ խնդիրենրից մեկն է երևի:

 - Կա՞ մի քայլ, որը կատարելով`  զղջացել եք:

 - Նման  քայլերը ցանկացած մարդու կյանքում շատ են:  Միայն Տերը գիտի,  թե ինչպիսի քայլեր պիտի մարդ անի, որ հետո չզղջա:

Ըստ իս`  կարևորն այն է, որ  քո սխալների պատճառով  ուրիշները  չտուժեն, իսկ դու պիտի այնքան խելք ունենաս, որ չկրկնես քո` արդեն կատարած սխալները:  

- Իրակա՞ն,  թե երազների աշխարհում եք նախընտրում ապրել:

-Ամենը եղել է իմ կյանքում: Հիմա, իմ կարծիքով, իջել եմ երկնքից ու ապրում եմ իրական կյանքով: Տվյալ պահին դա ավելի կարևոր է: Բայց դե, ինչ խոսք,  միշտ պատրաստ եմ հերթական այցելության «այն աշխարհ», ինչը, երևի թե,  բոլոր ստեղծագործող մարդկանց ճակատագիրն է…

Հեղինակ` Անի Բեքիրյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее