▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ի՞նչ են իրականում խոսել Րաֆֆի Հովհաննիսյանն ու Գագիկ Ծառուկյանը հանդիպման ժամանակ

Ինչպես արդեն տեղեկեցրել ենք, Անի հյուրանոցում իր կողմնակիցների հետ հերթական հանդիպումից հետո` պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի լրագրողի այն հարցին, թե ինչպե՞ս է նա վերաբերվում Գագիկ Ծառուկյանի` վերջերս ասած խոսքերին, նշել է, որ դեռ իրենց հայտնի հանդիպման ժամանակ Ծառուկյանը ասել էր, որ ընդդիմություն չէ, չի կարող դառնալ եւ բացառել էր, որ ինքը կգնա իշխանության դեմ: 

Քիչ առաջ էլ ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը հանդես է եկել հայտարարությամբ, որով նշել էր. «Մենք սա գնահատում ենք որպես պահի տակ արված զգացմունքային անճշտություն, հակառակ պարագայում չենք բացառում հրապարակել առանձնազրույցի ամբողջական ձայնագրությունը, որի արդյունքում իր համակիրների բազմաթիվ հարցերին ստիպված կլինի պատասխանել հենց Րաֆֆի Հովհաննիսյանը»:

zham.am-ը ներկայացրել է, թե ի՞նչ են իրականում խոսել Րաֆֆի Հովհաննիսյանն ու Գագիկ Ծառուկյանը հանդիպման ժամանակ: Կայքը նաև նշել է, թե դա անում է հաշվի առնելով այն հանգամանքը, որ  հանդիպումը դռնփակ է եղել, կողմերը որոշում էին կայացրել չհրապարակել այդ հանդիպման խոսակցությունը, սակայն քանի որ կողմերից մեկը` տվյալ դեպքում Րաֆֆի Հովհաննիսյանը, որոշում է կայացրեց հրապարակել իրենց խոսակցության սույն դրվագը, իրենք էլ փորձել են ներկայացնել այդ խոսակցությունը ամբողջական տեսանկյունից: 


Եվ այսպես, ի՞նչ է առաջարկել Րաֆֆի Հովհաննիսյանը Գագիկ Ծառուկյանին.

Առաջին

Րաֆֆի Հովհաննիսյանը հարցադրում է արել. ճանաչո՞ւմ է Գագիկ Ծառուկյանը իր հաղթանակը, որին ի պատասխան Ծառուկյանը հակադարձել է` իսկ ճանաչո՞ւմ է արդյոք Րաֆֆի Հովհաննիսյանն իր հաղթանակը: Եթե այո, թող հրապարակավ հայտարարի այդ մասին: Րաֆֆին պատասխանել է խուսափողական ձեւակերպմամբ, որ Սերժ Սարգսյանը պարտվել է, հաղթել է հայ ժողովուրդը: Ծառուկյանն էլ հայտարարել է, որ ինքը միշտ կողմ է եղել եւ կանգնած է ժողովրդի կողքին, իսկ որպեսզի հստակ պատասխանի, թե ի՞նչ գործողություններ է անելու ԲՀԿ-ն, նշել է, որ ԲՀԿ-ն սպասում է կոնկրետ առարկայական առաջարկների Րաֆֆիից: 

Երկրորդ

Րաֆֆին` որպես երկրորդ առաջարկ, հարցադրում է արել` կո՞ղմ է արդյոք ԲՀԿ-ն, եթե «Ժառանգությունը» հանդես գա նոր արտահերթ խորհրդարանական ընտրության պահանջով: Ծառուկյանն էլ հայտարարել է` ԲՀԿ-ն կողմ կլինի արտահերթ ընտրությունների այն պայմանով, եթե բոլոր քաղաքական ուժերին հաջողվի Ընտրական օրենսգրքում փոփոխություններ իրականացնել եւ վերացնել մեծամասնական ընտրակարգը եւ դրանից հետո միայն անցկացնել խորհրդարանական արտահերթ ընտրություններ:

Երրորդ

Րաֆֆի Հովհաննիսյանը առաջարկել է Ծառուկյանին այդ նոր արտահերթ խորհրդարանական ընտրություններում հանդես գալ միասնական` ԲՀԿԺառանգություն» ֆորմատով, որը կգլխավորեր հենց ինքը` Գագիկ Ծառուկյանը: Ծառուկյանին զարմացրել է սույն առաջարկը, քանի որ այն եղել է շատ անսպասելի եւ նշել, որ այս պահին ԲՀԿ-ն ակտիվորեն համագործակցում է ՀԱԿ-ի եւ ՀՅԴ-ի հետ եւ կարծում է, որ միայնակ կամ թեկուզ երկուսով հնարավոր չէ Հայաստանում որեւէ լուրջ բան փոխել: 

Չէինք ուզենա այստեղ արտաբերել Րաֆֆի Հովհաննիսյանի արհամարական պահվածքը ՀԱԿ-ի եւ ՀՅԴ-ի հանդեպ:Րաֆֆի  Հովհաննիսյանը առավել վատ է զգացել այն հանգամանքից, որ սույն հանդիպումից անմիջապես հետո Ծառուկյանի ընդունարանում հանդիպել է ՀՅԴ-ի ներկայացուցչին:

Սա եւս մեկ անգամ ցույց է տալիս այս մարդու փարիսեցիական էությունը, ով դաշնակցականների հետ հանդիպելիս այլ բաներ է խոսում, իսկ Ծառուկյանի հետ հանդիպման ժամանակ բոլորովին այլ բան: Եվ այսպես, Րաֆֆի Հովհաննիսյանի այն խոսքերը, թե իբր Ծառուկյանը իշխանությունների դեմ դուրս չի գա բացահայտ սուտ է: Ավելին, իր հետագա գործողություններում Ծառուկյանը հավատարիմ մնաց իր խոսքերին` ԲՀԿ-ն դե ֆակտո չճանաչեց նախագահական ընտրությունների լեգիտիմությունը, Ծառուկյանը չշնորհավորեց Սերժ Սարգսյանին նախագահ ընտրվելիս եւ իր քաղաքական թիմի հետ չմասնակցեց նախագահի երդմնակալության արարողությանը: 

Րաֆֆի Հովհաննիսյանը հավանաբար վիրավորված էր, որ Ծառուկյանը չի ճանաչել նաեւ իր հաղթանակը: Դրանից էլ ենթադրաբար հետեւություն է արել, թե Ծառուկյանը երբեւիցե չի միավորվի ընդդիմության հետ: Այո, Ծառուկյանն իսկապես չի ճանաչել Րաֆֆու հաղթանակը, քանի որ Րաֆֆին ինքը չի ճանաչել իր հաղթանակը: Եթե ավելի հստակ ձեւակերպենք, ապա ներկայիս քաղաքական դաշտում, միակ ուժը, որ ճանաչել է Րաֆֆի Հովհաննիսյանի հաղթանակը անցած նախագահական ընտրություններում, դա ՀԱԿ-ն է եղել:

Նշենք նաեւ, որ սույն հանդիպման ժամանակ Րաֆֆին շռայլորեն արեւելյան ավանդույթներով գովերգում էր Ծառուկյանին, ինչը դիսոնանսի մեջ է մտնում նրա թիմի մյուս անդամների պահվածքին: 
Ի դեպ, Րաֆֆիի հանդիպումը Ծառուկյանի հետ նպատակ է ունեցել շանտաժի ենթարկել իշխանություններին, որպեսզի վերջինիս հետ սակարկելու հարցում Րաֆֆիի դիրքերն ուժեղ լինեն: 

ԲՀԿ-ում, իհարկե գիտակցում էին այս ամենը, սակայն Ծառուկյանը չմերժեց Րաֆֆիի հետ հանդիպման այս առաջարկը, որպեսզի հետագայում շահարկման առարկա չդառնա: Սակայն պարզվեց, որ Րաֆֆին իր աճպարարությամբ անցավ բոլոր բարոյական նորմերը, որն էլ հուշում է, որ «սրանց հետ» ցանկացած երկխոսություն նպատակահարմար չէ, քանի որ այն որեւէ կապ չի ունենալու հասարակությանը հուզող խնդիրների լուծման հարցում: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее