▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ի՞նչ է սպասվում ՀՀ-ում՝ ԵՏՄ-ին անդամագրվելու դեպքում.«Ժողովուրդ»

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն երեկ հետաքրքիր փաստեր է հրապարակել, թե ինչ է սպասվում ՀՀ-ում Եվրասիական տնտեսական միությանն անդամագրվելու դեպքում:

Ըստ այդմ՝ Հայաստանի Էկոնոմիկայի նախարարության կայքում տեղադրված են Հայաստանում եւ ՄՄ կամ ԵՏՄ երկրներում 115.553 անուն ապրանքների ներմուծման համար նախատեսված մաքսային դրույքաչափերի ցանկը: Այս ցանկից պարզ է դառնում, որ ապրանքների 60 տոկոսի դեպքում Մաքսային միությունում գործում են Հայաստանից ավելի բարձր մաքսային դրույքաչափեր, իսկ 14 տոկոսի դեպքում դրույքաչափերն ավելի ցածր են: Հարկ է նշել, որ Հայաստանը չի ներմուծում բոլոր այդ ապրանքները, իսկ ներմուծվածներից մոտ 25 տոկոսն էլ ներկրվում է հենց ՄՄ երկրներից: Ուստի դրանց գծով որեւէ գնային փոփոխություն չի լինի:

Առանձնակի հետաքրքրություն են ներկայացնում մոտ 900 անուն ապրանքները: Ըստ Էկոնոմիկայի նախարար Կ. Ճշմարիտյանի` Հայաստանի եւ ՄՄ միջեւ ձեռք են բերվել համաձայնություններ այդ ապրանքների մաքսատուրքերի վերաբերյալ: ԵՏՄ-ին անդամակցելուց հետո այդ բոլոր ապրանքները Հայաստանի համար թանկանալու են: Բանակցությունները բացառապես ժամկետների շուրջ են: Դիտարկելով ՀՀ ներմուծվող առավել բարձր մաքսային արժեք ունեցող ապրանքների ցանկը եւ համեմատելով դրանց մաքսատուրքերի դրույքաչափը` կարելի է տեսնել, որ բազմաթիվ ապրանքների թանկացումներն անխուսափելի են:

Նշանակելի թանկացումներ կլինեն դեղերի շուկայում: 2013թ. Հայաստան է ներմուծվել մոտ 110 մլն. դոլարի դեղորայք, ՀՀ-ում դեղորայքի ներմուծման համար գործում է զրոյական մաքսատուրք, իսկ ՄՄ-ում՝  8-12.5 տոկոս: Քանի որ դեղորայքի մեծ մասը բերվում է եվրոպական երկրներից  եւ ԱՄՆ-ից, ապա ակնհայտ է, որ դրանց գինը կբարձրանա առնվազն 8 տոկոսով: Շաքարավազի ներմուծման համար Հայաստանում գործում է 10 տոկոս մաքսատուրք, եւ 2013թ. ներմուծվել է 40 մլն դոլարի շաքարավազ: ԵՏՄ-ի մաքսային օրենսգրքով շաքարավազի մաքսազերծումը շուրջ 4 անգամ թանկ է: Հայաստանը շաքարավազ ներմուծում է գերազանցապես Բրազիլիայից, Ուկրաինայից: Հետեւաբար դարձյալ գնի զգալի բարձրացում կնկատվի:

Թռչնամսի համար Հայաստանում մաքսատուրքը 10-ը տոկոս է, ԵՏՄ-ում՝ 25: Հայաստանը տարեկան ներմուծում է շուրջ 50 մլն. դոլարի թռչնամիս:

Թանկանալու են թվով 7000 անուն ապրանքներ՝ անգամ զուգարանի թուղթը, որը ներկրվում է Լեհաստանից, Չինաստանից, Թուրքիայից եւ Ուկրաինայից: Առավել զգալիորեն կթանկանան ավտոմեքենաները: ՀՀ-ում ռուսական ավտոմեքենաների համար գործում է զրոյական մաքսատուրք, արտասահմանյան մեքենաների համար՝ 10 տոկոս, իսկ ԵՏՄ-ում ավտոմեքենաների ներմուծման մաքսատուրքը սկսվում է 25 տոկոսից, որոշ դեպքերում մաքսատուրքը հաշվում է ըստ ավտոմեքենայի շարժիչի ծավալի, եւ կարող է կազմել արժեքի ընդհանուր ծավալի մինչեւ 200 տոկոսը: Այսինքն՝ եթե այժմ 10-15 տարվա մեքենան ՀՀ ներմուծելիս վճարում ենք դրա արժեքի 42 տոկոսը, ապա ԵՏՄ մտնելուց հետո այդ թիվը կարող է հասնել 230 տոկոսի:

 

Ուշագրավ այլ հոդվածներ` «Ժողովուրդ»  թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ далее