Թեեւ 2015 թվականն ընդունված է համարել Հայոց ցեղասպանության 100 ամյակը, սակայն հայկական ջարդերը մեկ տարով եւ մեկ օրով չէ, որ սահմանափակվել են: Ավելին՝ թուրքական բարձր քաղաքական շրջանակների կողմից սանձազերծված հայկական կոտորածները սկսվել են դեռեւս 19-րդ դարի վերջից՝ առաջնահերթորեն բռնկված հայկական հարցի միջազգայնացումից: Թուրքական սուլթան Աբդուլ Համիդ 2-րդի նախաձեռնած, 1894-96թթ. իրենց գագաթնակետին հասած հայկական կոտորածները պետական քաղաքականության աստիճանի վերադարձան 1914թ.՝ ավելի զանգվածային ու համատարած բնույթ կրելով: Ավելի քան հարյուր տարի է անցել այդ ողբերգությունից, սակայն հայկական միջավայրում դրա հանդեպ վերաբերմունքը չի ձերբազատվում զգացմունքայնության համախտանիշից: Այսօր Հայաստանն ու հայությունն իրենց գիտակցության ու դրանով պայմանավորված հաշվենկատ քաղաքականության շրջանակներում չեն ձեւակերպել իրենց խնդիրն ու առաջնահերթությունը Ցեղասպանության հիմնահարցում:
Հռոմի պապի մատուցած պատարագը՝ հայկական հարցի առիթով հնչեցված հստակ դիրքորոշմամբ հանդերձ, եւ դրան անպատրաստ թուրքական արձագանքը, թվում է, մեզ համար պետք է որ նորություն չլինեին՝ տեղ չթողնելով որեւիցե տեսակի ցնծության ու ոգեւորության համար: Տարիներ ի վեր հայ հանրությունն օրհնում էր ընդհատումներով 1868-1894թթ. Անգլիայի վարչապետ Ուլիամ Գլադստոնին («Ծառայել Հայաստանին՝ նշանակում է ծառայել քաղաքակրթությանը» արտահայտության հեղինակ, որի «ջերմագույն» հայասիրությունը շարունակվեց այնքան ժամանակ, քանի դեռ դրա միջոցով սպասարկվում էին անգլիական շահերը), եւ անիծում 1874-1880թթ նույն Անգլիայի վարչապետ Դիզրայելիին, որն իր հերթին անթաքույց պայքարում էր «Թուրքիայում հայկական վտանգի դեմ»: Ցավալիորեն ցայսօր հայկական միտքը չհամակվեց այն գիտակցությամբ, որ Գլադստոնի պես «մեծ» հայասերներն ավելի վտանգավոր էին հայության համար, քան բացահայտ թշնամական կեցվածք ընդունած դիզրայելիները: Եթե երկրորդները հայկական հարցը չէին դարձնում իրենց կարգակոչը եւ սեփական օգուտից ելնելով՝ հրաժարվում դրանից, ապա գլադստոնները շարունակաբար աղաղակում էին Հայաստանի փրկության մասին եւ դրա շնորհիվ լուծում իրենց քաղաքական նպատակները, ինչպես 1880թ. Եգիպտոսը Թուրքիայից պոկելիս:
Փաստացիորեն հայկական հարցը օգտագործվում էր իբրեւ մանրադրամ՝ զուգորդված Հայաստանի փրկության, հայկական մարզերում բարեփոխումներ անելու եւ նմանօրինակ այլ դատարկախոսություններով: Այս ամենն էլ իր հերթին գրգռում էր թուրքերին, որոնք, զիջումներ անելով հայկական փրկությամբ «մտահոգվածներին», իրենց վրեժն առնում էին հայ անմեղ բնակչությունից՝ հազարների ջարդեր կազմակերպելով: Գլադստոնն ու Դիզրայելին լոկ առանձին օրինակներ էին, մինչդեռ պատմությունը հիշում է հայկական հարցի միջազգայնացման ու դրա օգտագործմամբ թուրքերից զիջումներ կորզելու բազմաթիվ դեպքեր: Արդյունքը կանխատեսելի էր՝ օտարները ստանում էին իրենց ցանկացածը՝ թուրքերին թողնելով վիրավոր գիշատչի կարգավիճակում՝ պատրաստ հարձակվելու անպաշտպան հայության վրա:
Հայ քաղաքական կուսակցությունների (ՀՅԴ, ՍԴՀԿ, Արմենական) համար հայկական հարցի միջազգայնացումը կարծես խաղ ու պար էր, որի օգնությամբ իրականանալու էր հայկական «հեղափոխությունը»: Քաղաքականապես սնանկ, սակայն ամպագոռգոռ հայտարարությունների ու շաղակրատությունների հնարավորություն ստեղծող այդօրինակ մտածողությունն, անշուշտ, պիտի ոգեւորվեր, երբ օտար բարձրաստիճան մի պաշտոնյա հայտարարություն էր անում Հայաստանի «փրկության» մասին: Սակայն քաղաքական ազդեցություն ունեցող եւ որոշումներ կայացնող որեւէ կազմակերպություն իրեն հաշիվ չէր տալիս, թե ինչ է շահում Մուշի ու Սասունի հայ գյուղացին այդօրինակ հայտարարություններից, բացի թուրքական յաթաղանի հերթական հարվածից:
Հայ քաղաքական միտքը չկարողացավ դուրս գալ ավանդական կարծրատիպերից ու հասկանալ, որ հայ ժողովրդի անվտանգության բանալին օտարների ու հատկապես թուրքերի հետ հարաբերությունների անմիջական եւ ուղղակի կարգավորումն է: Ցանկացած օտար միջամտություն, որքան էլ լինի անկեղծ ու ազնիվ, չի կարող համեմատվել երկուստեք ուղղակի շփումների հետ: Հաշվի առնելով հայության խոշորագույն դերակատարությունը Օսմանյան կայսրության գրեթե բոլոր ոլորտներում՝ հայ քաղաքական միտքը չգիտակցեց դրա կարեւորությունը եւ այդ միջոցի կիրառելիության պոտենցիալը: Մի՞թե հայ ժողովուրդը Օսմանյան Թուրքիայում նվազ դերակատարություն ուներ, քան հունգարները Ավստրիայում, երբ վերջինս հաշվենկատ ու սթափ գործողությունների արդյունքում վերածվեց Ավստրո-Հունգարիայի: Անշուշտ, հայ քաղաքական մտքի թյուրըմբռնումները չեն արդարացնում թուրքական ոճրագործությունը, սակայն ներհայկական շրջանակներում դրա ընկալումն ու սխալների վերաիմաստավորումը վաղուց հասունացած անհրաժեշտություն է:
Շարունակությունը և ուշագրավ այլ նյութեր «Ժողովուրդ» թերթում