▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ի՞նչ է առաջարկել Սերժ Սարգսյանը Րաֆֆի Հովհաննիսյանին

Փետրվարի 18-ից հետո ծավալված հետընտրական գործընթացների շարքում ամենակարեւորներից մեկը, թերեւս, երեկ տեղի ունեցած իրադարձությունն էր: Խոսքը Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի՝ Րաֆֆի Հովհաննիսյանին այցի մասին է: Պաշտոնապես, իհարկե, դա ներկայացվեց՝ որպես քաղաքավարական այց, որպես ոստիկանապետի՝ մարդասիրության դրսեւորում: Այդ մասին գրում է «168 ժամ» թերթը։

«Հասկանալի է,  սակայն, որ Վլադիմիր Գասպարյանի այցելությունն առաջին հերթին ու բացառապես քաղաքական էր: Խնդիրը Վլադիմիր Գասպարյանի անձը չէ, ոչ էլ այն, որ Րաֆֆի Հովհաննիսյանը նրան զանգահարելու ու անպատասխան չմնալու փորձ ունի: Խնդիրը Հայաստանի իշխանության կառուցվածքում Վլադիմիր Գասպարյանի ունեցած ֆորմալ եւ ոչ ֆորմալ դերակատարությունն է, որն ընթացիկ փուլում, ամենայն հավանականությամբ, ավելի բարձրացել է: Նախ՝ պաշտոնապես՝ որպես ոստիկանապետ, Վլադիմիր Գասպարյանը զբաղված էր ընտրական գործընթացի համակարգմամբ: Բացի այդ, Վլադիմիր Գասպարյանը համարվում է նախագահ Սերժ Սարգսյանի մերձավոր շրջապատի ներկայացուցիչներից մեկը, ով, ըստ իշխանական կուլիսներում տարածված համոզմունքի, մասնակցում է նաեւ կարեւորագույն որոշումների ընդունմանը: Այսինքն՝ մեծ հավանականությամբ, Սերժ Սարգսյանը Վլադիմիր Գասպարյանի միջոցով Րաֆֆի Հովհաննիսյանին ինչ-որ մեսիջ է ուղարկել: Իրավիճակի նրբությունն այն է, որ այդ մեսիջը կարող է լինել ինչպես՝ առաջարկի, այնպես էլ՝ առաջարկ-սպառնալիքի տեսքով: Ու նաեւ այդ առումով Վլադիմիր Գասպարյանի անձի ընտրությունը պատահական չէ: Ավելի պարզ ասած, բացառված չէ՝ ոստիկանապետը Րաֆֆի Հովհաննիսյանին փոխանցել է, որ նախագահն այս-այս առաջարկներն է ներկայացնում, որոնց ընդունումը «կառուցողական» շարունակություն կունենա, մերժումը՝ ուժային: Պետք չէ բացառել նաեւ, որ Վլադիմիր Գասպարյանը Րաֆֆի Հովհաննիսյանի հետ կարող է քննարկած լինել Սերժ Սարգսյանի՝ Ազատության հրապարակ հնարավոր այցի պայմանները:

Սրանք, իհարկե, ընդամենը ենթադրություններ են, որոնք, հրապարակայնության կարգախոսների ներքո հանդես եկող Րաֆֆի Հովհաննիսյանի կիսակոնսպիրատիվ գործելաոճի պայմաններում, կարող են մոտ լինել իրականությանը:

Բոլոր դեպքերում՝ Վլադիմիր Գասպարյանի այցելության արդյունքների մասին որոշակի պատկերացում հնարավոր կլինի կազմել արդեն իսկ առաջիկա օրերին: Մարտի 15-ի հանրահավաքում Րաֆֆի Հովհաննիսյանի հռետորաբանությունը, ինչպես նաեւ Երեւանի ավագանու ընտրություններում «Ժառանգության» մասնակցության ձեւաչափի մասին որոշումը կտան այն հարցի պատասխանը, թե ինչ է իրականում ասել Վլադիմիր Գասպարյանը Րաֆֆի Հովհաննիսյանին»,- գրում է «168 ժամը»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее