Life.panorama.am-ը գրում է,որ այսօր զրուցել է Նարինե Ոսկանյանի՝ Պաուզա Անոյի հետ, ում ժամանակին հանդիպում էինք հումորային նախագծերում և սկեչներում: Ինչո՞վ է պայմանավորված այսօրվա էկրանային պարապուրդը, ո՞րն է փող աշխատելու նրա տարբերակը և արդյո՞ք չի վախեցնում նրան մենակությունը:
-Նարինե, էկրաններին գրեթե չեք երևում: Ինչո՞վ եք զբաղված այժմ:
-Արդեն 5 տարի երգում եմ գիշերային ակումբում:
-Բայց դուք երգչուհի չեք չէ՞:
-Չէ, երգում եմ այն երգերը, որոնք ինձ մոտ մի քիչ ստացվում են:
-Իսկ դերասանական կրթություն ունե՞ք:
-Սովորել եմ Գյումրիի թատրոնի ստուդիայում, կուրսիս ղեկավարը Խորեն Աբրահամյանն էր: Բայց որոշ պատճառներով կիսատ եմ թողել ուսումս:
-Մարդիկ ինչպե՞ս են ընդունում Ձեր գործունեությունը գիշերային ակումբում:
-Մեծամասամբ՝ շատ լավ: Մարդիկ էլ կան, որ չեն ընդունում, որ ես նման վայրում եմ աշխատում, ասում են սա Ձեր տեղը չի: Բայց ի՞նչ արած, այդպես է ստացվել: Չաշխատելն է ամոթ: Հասկանում եմ, որ դա իմ բնագավառը չի: Ամենակարևորն այն է, որ պարտքեր չունեմ, փողերս բանկերին չեմ բաժանում:
-Պայմաննե՞րն են թելադրել այս աշխատանքը:
-Այո, ոչ մի նկարահանում չկա, զբաղվածություն չկա, իսկ այս երկրում ապրել պետք է:
-Եկամուտը բավարարո՞ւմ է ապրելուն:
-Ապրելուն՝ այո:
-Մի շրջան գյումրեցի հումորիստները շատ ակտիվ էին, անընդհատ էկրաններին: Այժմ Ձեզանից ոչ-ոքի, կարծեք, թե չենք տեսնում: Ինչո՞ւ:
-Ես չգիտեմ, ինձ համար հանելուկ մնաց, թե ինչու են բոլոր դռները փակվել մեր առջև: Շատ եմ փորձել վերլուծել, բայց պատճառը չեմ գտել: Երևի, հումորս կորցրել եմ (ծիծաղում է): Եթե ասեմ, որ մարդիկ մոռացել են, սխալ կլինի: Դրսում յուրաքանչյուր երկրորդը մոտենում է, ասում, որ կարոտել են, ինչո՞ւ չեմ երևում էկրաններին: Այսօր հեռուստաաշխարհում մեզանից ոչ-ոք չկա. Արթուր Հակոբյան, Լուսինե Կիրակոսյան... շատ-շատերը: Ժամանակին, երբ որևէ նոր հաղորդում էր բացվում և հյուրեր էին կանչում նկարահանման տաղավար, ես միշտ առաջին հյուրն էի լինում, հազվադեպ՝ երկրորդ կամ երրորդ: Ես կոնֆլիկտային մարդ չեմ, երբեք իմ աշխատանքը թանկ չեմ գնահատել: Երբ կանչում էին նկարահանման, հարցնում էին որքա՞ն կուզես, ասում էի՝ որքան որ դուք կտաք: Երբեք գնային առևտրի մեջ չեմ մտել: Նաև, շատերին թվում է, որ ես միայն հումոր եմ կարողանում խաղալ:
-Միգուցե Ձեզ այլ կերպարներում չեն տեսել, դա՞ է պատճառը:
-Տեսել են, ինչո՞ւ ոչ: Սուրեն Բաբայանի բոլոր ֆիլմերում միշտ փոքրիկ դերեր եմ ունենում: Նա ինձ պարտադիր հրավիրում է: Ու միշտ զարմանում է, որ մյուսները չեն նկատում:
Նյութն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում