▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իմ բիզնեսի հաշվին է, որ Հայաստանում եմ մնացել ու դրա հաշվին է, որ էկրաններին եմ. Սարգիս Գրիգորյան

​​​​​​​

Life.panorama.am-ը գրում է, որ դերասան Սարգիս Գրիգորյանը պատմել է «Բախտաբեր» հեռուստասերիալում իր դերի, դերասանի մասնագիտության նկատմամբ իր սկզբունքների եւ մտորումների, իր անձի եւ «Շանթ» հեռուստաընկերության հետ կապված ասեկոսեների, սեփական բիզնեսի շնորհիվ Հայաստանում ապրելու եւ կնոջ հետ իր հարաբերությունների մասին:

Սարգիս, որպես դերասան ի՞նչ տարբերություն կա Ձեզ համար հեռուստասերիալների և գեղարվեստական ֆիլմերի միջև:

Հեռուստասերիալ հասկացությունը արագ պրոցես է  ու գեղարվեստական ֆիլմերի նման նախնական պատրաստվածությունն այնքան էլ մեծ չէ: Սերիալում դեր կերտելը ավելի շատ կախված է դերասանի հմտությունից և վարպետությունից

Դերասաններ կան, ովքեր կարծում են, որ հատկապես երկարաժամկետ սերիալներում խաղալիս կերտած դերը պետք է տեսակիդ նման լինի, որպեսզի կարողանաս առավել ճիշտ իրականացնել այն. «Բախտաբեր» հեռուստասերիալում Ձեր դեպքում այդպե՞ս է:

«Բախտաբեր» հեռուստասերիալում կերտածս դերն իմ իրական տեսակի հետ գրեթե կապ չունի: Ինձ համար, առհասարակ, անհասկանալի է, որ ասում են հարկավոր է դերի մեջ մտնել: Կարծում եմ, սերիալում ավելի կարևոր է ոչ թե դերի մեջ մտնելը, այլ՝ դերասանական վարպետություն ունենալը: Նկարահանվելու համար ժամանակը կարճ է, իսկ դերի մեջ մտնելը բավականին լուրջ  գործընթաց է պահանջում, ինչն առավել շատ թատրոնում և գեղարվեստական ֆիլմերում է լինում: Ես ավելի շատ վարպետությունս եմ ցույց տալիս, որ կարողանում կարճ ժամանակում ստանալ պահանջված դերը, բացի այդ, շատ օրինակներ կան, որ դերի մեջ մտնելուց հետո, դերի մեջ էլ մնացել են դերասանները: Ես չեմ էլ հավատում, որ մարդիկ լուրջ ասում են, թե ես դերի մեջ եմ մտել:

Սարգիս, Ձեզ համար կարևո՞ր է արդյոք, թե ինչ դեր եք կերտում՝ գլխավոր, թե երկրորդական:

Ինձ համար նման  խնդիր չկա: Պարզապես ես Աստծուց շնորհակալ եմ, որ կարողացել եմ իմ գործով հասնել նրան, որ ինձ մեծամասամբ գլխավոր դերեր են առաջարկում, բայց, իհարկե, եղել են, և հիմա էլ մի գեղարվետական ֆիլմում եմ նկարահանվում, որտեղ մարմնավորում եմ էպիզոդիկ դեր. դա ինձ համար նշանակություն չունի, ես նման սկզբունք երբեք չեմ ունեցել:

Նախկինում Սարգիս Գրիգորյանը ասոցացվում էր «Շանթ» հեռուստաընկերության հետ, հետո դուք որոշ ժամանակ լռեցիք՝ առհասարակ չհայտնվելով էկրաններին, իսկ հիմա արդեն Արմենիա TV-ում եք:

Ես ամեն բան արել եմ, անում եմ և իմ պարտքն եմ համարում անել, որպեսզի չլինեմ որևէ հեռուստաընկերության դերասան, այլ լինեմ պարզապես դերասան, ով իր գործն է անում: Սա ինձ համար շատ կարևոր է, որ ինձ ճանաչեն որպես Սարգիս Գրիգորյան, այլ ոչ թե տվյալ հեռուստաընկերության դերասան: Դա իմ գերխնդիրն է եղել ու, կարծում եմ, որ ես որոշ չափով հաղթահարել եմ այդ կարծրատիպը, նկատել եմ նաև, որ դերասանների ջանքերի ու ընդվզումների արդյունքում հեռուստաընկերությունների շրջանում էլ է այդ կարծրատիպը կոտրվում:

Հանրության շրջանում տպավորություն էր, որ դուք վիճել եք «Շանթ» հեռուստաընկերության հետ: Ի վերջո, որևէ մեկնաբանություն կտա՞ք այս առումով:

Ես «Շանթ» հեռուստաընկերության հետ որևէ կոնֆլիկտ չեմ ունեցել, քանի որ ես նրանց դերասանը չեմ եղել: Ես պարզապես դերասան եմ եղել, ով մասնակցել է այդ հեռուստաընկերության նախագծերին: «Անծանոթ» նախագծից հետո ես պարզապես «Շանթ» հեռուստաընկերությունից հրավեր չեմ ստացել, այդ իսկ պատճառով նրանց նախագծերում մասնակցություն չեմ ունեցել, բացի այդ, ինչու ոչ, որոշեցի մեկ այլ հեռուստաընկերությամբ ներկայանալ հեռուստադիտողին՝ այդ կարծրատիպը կոտրելու նպատակով. դա նաև ինձ էր պետք որպես դերասան: Իսկ ինչ վերաբերվում է «Շանթ»-ի հետ վիճելուն, պետք է ասեմ, որ այդ հեռուստաընկերության հետ միշտ էլ բարիդրացիական հարաբերություններ եմ ունեցել, և միշտ էլ ասել ու ասում եմ, որ ես շնորհակալ եմ «Շանթ» հեռուստաընկերությանը, քանի որ իրենց միջոցով ես ճանաչվեցի, և ուրախ եմ, որ ես հուսախաբ չարեցի և իրենց, և հեռուստադիտողին: «Շանթ» հեռուստաընկերությունը իմ կյանքում և իմ կարիերայում բավականին մեծ ու կարևոր դեր է ունեցել: Եւվ կապ չունի ես «Արմենիա» TV-ում, НТВ-ում, թե Հոլիվուդում կլինեմ, միևնույն է, «Շանթ»-ի դերը իմ կյանքում երբեք չեմ մոռանա:

Սարգիս դուք դերասանից բացի նաև բիզնեսմեն եք, արդյոք այս պարագայում առաջ չի քաշվում միեւնույն խնդրի պատկերը՝ այն, որ դերասանը զբաղվում է ոչ իր մասնագիտությամբ:

Ես ինձ բիզնեսմեն չեմ համարում ու երևի չդառնամ էլ: Իմ բիզնեսի բնույթը միջոցառումների կազմակերպումն է, որը հեռու չէ իմ մասնագիտություններից, ես գործ ունեմ գեղագիտության, ճիշտ մտածելու, խոսելու և ճաշակի հետ: Սա ինձ համար հոբբի է, որը շատ իրավիճակներից է ինձ փկրում: Այսինքն՝ դրա միջոցով ես կարողանում եմ  ոչ շատ մեծ գումարներով դերեր խաղալ ու նաև պահել իմ ընտանիքը: Եթե ես այս՝ այսպես կոչված բիզնեսը չունենայի, ապա վստահ չեմ, որ կապրեի Հայաստանում: Իմ ընկերների 70 %-ը լքել են Հայաստանը, և ես էլ գուցե բացառություն չլինեի, եթե չկարողնայի իմ ցանկացածի պես ընատնիքս պահել: Ես իմ բիզնեսի հաշվին է, որ  Հայաստանում եմ մնացել, ու դրա հաշվին է, որ էկրաններին եմ:

Ձեր խիստ զբաղվածության արդյուքնում արդյոք Ձեր կինը չի՞ սրտնեղում ուշադրության պակասից:

Բոլոր կանայք են ուշադրություն սիրում, եթե շատ ես տալիս, նրանք ավելի շատ են ուզում, եթե ավելի շատ ես տալիս, նրանք անսահման են ուզում, ինչը, ըստ իս, նորմալ է: Բիզնեսը, որը կնոջս հետ ենք իրականացնում, ինձ օգնում է օրվա մեջ շատ անգամ շփվել կնոջս հետ, ես փորձել եմ մեկը մյուսով լրացնել:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее